Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվել էր։ Հետագայում հայտնի դարձավ, որ հանդիպումն այսօր չի վերսկսվի և կանցկացվի այլ ժամկետում։ Այս մասին հայտնել է Sky Sport Italia-ն։
Հանդիպումը մեկնարկել էր 21։00-ին։ 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։ Դրանից հետո Բովեին պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին ուղարկեց հանդերձարան: Իտալական Sky-ի թղթակից Մատեո Բարցագին հայտնել է, որ Բովեն արդեն գիտակցության է եկել։
Միլանի «Ինտերը» և այլ ակումբներ սոցցանցերում գրառումներ են կատարել՝ դիմելով Բովեին․
«Մենք քեզ հետ ենք, առաջ, Էդուարդո»,- գրել է «Ինտերը»։
«Մեր մտքերը քեզ հետ են, առաջ, Էդուարդո»,- գրել է «Միլանը»։
«Մենք քեզ հետ ենք, Էդուարդո»,- գրել է «Յուվենտուս»։
«Մեզնից մեկը, մենք քեզ հետ ենք, առաջ, Էդուարդո»,- գրել է «Ռոման»։
«Առաջ, Էդուարդո, մենք քեզ հետ ենք»,- գրել է «Նապոլին»։
«Առաջ, Էդուարդո, շուտով կհանդիպենք խաղադաշտում»,- գրել է «Լացիոն»։
«Առաջ, Էդուարդո, մենք քեզ հետ ենք: Դու ուժեղ տղա ես՝ ուժեղ բնավորությամբ։ Այս պահին մենք նրա ընտանիքի կողքին ենք»,- գրել է «Ֆիորենտինան»։
«Ատալանտան», «Ջենոան», «Բոլոնիան» և մյուս իտալական ակումբները ևս նմանատիպ գրառումներ են կատարել։
Բովեն 22 տարեկան է, նա «Ռոմայի» սան է, հանդես է եկել հռոմեական թիմի հիմնական կազմում 2021 թվականից, իսկ այս տարի վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Հանդես է եկել Իտալիայի տարբե տարիքային երիտասարդական հավաքականներում։