«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ավարտեց կարիերան։
Դեռևս հոկտեմբերի 10-ին Նադալը հայտարարել էր, որ 2024 թվականի Դևիսի գավաթի եզրափակիչ փուլի հանդիպումներից հետո կհեռանա մեծ սպորտից։ Նադալի վերջին խաղում Իսպանիայի հավաքականը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում մրցել է Նիդերլանդների հավաքականի հետ: Նադալը 4։6, 4։6 հաշվով զիջել է Բոտիկ վան դե Զանդսհուլին։
«Ոչ մեկին դուր չի գա, երբ հասնի այս կետին: Ես չեմ հոգնել թենիս խաղալուց: Մարմինս է, որն այլևս չի ցանկանում թենիս խաղալ»,- ասել է Նադալը կորտում տված հարցազրույցում:
Նադալն իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է Ուիմբլդոնում և Ավստրալիայի բաց առաջնությունում, չորս անգամ հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում և 14 անգամ՝ Ռոլան Գարոսում։ Ընդհանուր առմամբ նա մենախաղում նվաճել է 92 տիտղոս։