«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Բենտանկուրը, ամենայն հավանականությամբ, կորակազրկվի 7 խաղով։ Պատճառն իր թիմակցի՝ Սոն Հին Մինի նկատմամբ անհաջող կատակն է՝ ազգային պատկանելության մասին։
Ի՞նչ է տեղի ունեցել
Բենտանկուրը կատակել է Ուրուգվայի Canal10 հեռուստաալիքի եթերում, ինչից հետո ներողություն խնդրել Սոնից։ Ամռանը սոցցանցերում իր մասնակցությամբ հարցազրույցի հատվածից մի տեսանյութ է տարածվել, որտեղ հաղորդվար Ռաֆայել Կոտելոն խնդրում է Բենտանկուրին նվիրել իր թիմակիցների մեկի խաղաշապիկը։
Բենտանկուրը ժպտալով պատասխանում է․ «Սոնիի՞։ Դա կարող է լինել նաև Սոնիի զարմիկի խաղաշապիկը։ Նրանք բոլորն էլ նույն տեսքն ունեն»։
Լրագրողը համաձայնել է ֆուտբոլիստի հետ։
Տեսանյութը հայտնվել է Reddit-ում և արագ տարածվել։ Ռոդրիգոն շատ արագ ներողություն է խնդրել Սոնից սոցցանցերում․
«Սոննի, եղբայր։ Կներես։ Դա պարզապես անհաջող կատակ էր։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Ես երբեք չէի անարգի քեզ և չէի ցանկանա ցավ պատճառել։ Ես սիրում եմ քեզ, եղբայր»։
Մեկ ամիս անց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ուրուգվայցուն մեղադրել է «ոչ պատշաճ պահվածքի» և «ազգային կամ ռասայական հատկանիշներով վիրավորական կամ նվաստացնող արտահայտություններ» օգտագործելու մեջ։
Նա գրեթե արտասվում էր
Սոն Հին Մինը հայտարարել է, որ չի նեղացել Բենտանկուրից։ Նա փորձել է պաշտպանել թիմակցին․
«Մենք խոսել ենք Բենտանկուրի հետ։ Նա սխալվել է, գիտակցել և ներողություն խնդրել։ Նա երբեք դիտավորյալ նման վիրավորական բան չէր ասի։ Մենք եղբայրներ ենք և ոչինչ չի փոխվել։ Մենք հաղթահարել ենք այդ իրավիճակը և նորից միասին ենք մինչմրցաշրջանի ընթացքում։ Պայքարելու ենք մեր ակումբի համար՝ որպես միասնական թիմ։
Իհարկե, ես սիրում եմ Ռոդրիգոյին։ Ես տանն էի և նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ռոդրիգոն ինձ երկար հաղորդագրություն ուղարկեց, որը պարզ էր՝ սրտից էր գալիս։ Նա շատ էր ամաչում։ Ներողություն խնդրելիս նա գրեթե լաց էր լինում։ Նրա համար ցավալի էր։ Մենք բոլորս մարդիկ ենք և սխալներ ենք գործում։ Մնում է սովորել այդ սխալներից։ Նա հասկանում է ամեն ինչ, ամեն ինչ կարգին է»,- նշել է Սոնը։