Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» որոշումը՝ իր ներկայացուցիչներին «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը չուղարկել։
Լրատվամիջոցները հայտնում էին, որ Արքայական ակումբի այս որոշման պատճառ է դարձել այն տեղեկությունը, որ մրցանակը ստանալու է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ռոդրին, այլ ոչ թե «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Եվ այդպես էլ եղավ։
«Ես «Ռեալի» երկրպագու եմ և այս ակումբի ամենակարևոր արժեքներն են՝ ջենթլմեն լինելը և ձեռք սեղմելը, երբ պարտվում ես։ Կարծում եմ՝ «Ռեալը» վաղուց կորցրել է այդ ոգին։ Նրանք պետք է գնային արարողությանը և կասկածի տակ չդնեին France Football-ի համակարգը, որը թափանցիկ է և որում քվեարկում է 100 լրագրող։
Մադրիդի «Ռեալի» արարքն ավելորդ է և չափազանցված։ Ես չգիտեմ, թե ուր են ուզում գնալ։ Մենք Իսպանիայում նույնպես տառապում ենք նրբագեղության այս պակասից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։