Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի է ունեցել France Football-ի կողմից կազմակերպած Ballon d’Or ամենամյա մրցանակաբաշխությունը։ Գլխավոր մրցանակին արժանացել է Իսպանիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։
«Այսօրվա հաղթանակը ոչ միայն իմ, այլ նաև ամբողջ իսպանական ֆուտբոլի հաղթանակն է։ Շատ ընկերներիցս հաղորդագրություններ եմ ստացել, նրանք նշում էին, որ «այսօր հաղթեց ֆուտբոլը»: Ինիեստան, Չավին, Իկեր Կասիլյասը, Բուսկետսը, շատ շատերն են արժանի եղել այս մրցանակին, սակայն չեն կարողացել հաղթել։
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ինձ համար այս աշխարհում ամենակարևոր մարդուն՝ իմ ընկերուհի Լորային։
Նրանք [Վինիսիուս և Ջուդ Բելինգեմ, խմբ․] հրաշալի ֆուտբոլիստներ են, ապագան իրենց ձեռքերում է։ Ինձ համար մեծ պատիվ է այսքան փայլուն ֆուտբոլիստների ցանկից ընտրված լինելը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- նշել է իսպանացին։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1956 թվականից։ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։ Ընդհանուր առմամբ, Ռոդրին երրորդ իսպանացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է «Ոսկե գնդակի» մրցանակին՝ Սուարեսից և Ալֆրեդո դի Ստեֆանոյից հետո։ 2023/2024թթ․ մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում չորրորդ անգամ անընդմեջ դարձել է Անգլիայի չեմպիոն և հաղթել ակումբային աշխարհի առաջնությունում, իսկ Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Եվրո-2024-ը՝ դառնալով մրցաշարի լավագույն խաղացողը։