Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատրաստ է երկարաձգել մադրիդյան թիմի հետ աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ գերմանացի ֆուտբոլիստը չի դիտարկում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը, որտեղ իր նկատմամբ հետաքրքրություն կա։ Ռյուդիգերն իրեն լավ է զգում «Ռեալում», սակայն ներկայում նրա հետ նոր պայմանագրի վերաբերյալ կոնկրետ քննարկում չկա։
Ռուդիգերը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 115 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերը երկու անգամ ապտակել է մադրիդյան ակումբի աշխատակցին, որը պատասխանատու է ակումբի հանդերձանքի համար։ Միջադեպը տեղի էր ունեցել մարզման ժամանակ։