Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն հռչակված Նանին մեղադրվել է մարզաշապիկ գողանալու մեջ, հայտնում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «Էստրելա» ակումբի մարզադաշտի մոտ, որտեղ ներկայում խաղում է 37-ամյա վինգերը։
Երկրպագուն, որը պնդում է՝ օնլայն ձեռք է բերել Նանիի՝ Եվրո-2016-ի մարզաշապիկի կրկնօրինակը, խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին ստորագրել այն:
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Նանին մեքենա վարելիս խոսում է երկրպագուի հետ։ Տղամարդու խոսքով՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացողը սկսել է հարցնել, թե որտեղից է մարզաշապիկը:
«Ես հետևողականորեն բացատրում էի, որ գնել եմ այն և նույնիսկ ապացույցներ ցույց տվեցի, որ դա կապ չունի նրա կամ իր իրերի հետ», — ասել է երկրպագուն:
Երկրպագուի խոսքով՝ Նանին վերցրել է մարզաշապիկը, դրել այն իր կողքի նստատեղին ու հեռացել։ Ցնցված տղամարդն ի վերջո հաղորդում է տվել ոստիկանությանը: