ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (0:2) իր թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի անհաջող խաղի մասին։ Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը փարիզեցիների կազմում մեկնարկել էր վերջին խաղում։ Նա երկու գոլային սխալ թույլ տվեց։
«Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, պարտության պատասխանատվությունն ամբողջությամբ իմ վրա է։ Պարտությունն արդարացված է։ Դոննարուման ցույց տվեց անհրաժեշտ մակարդակից շատ ավելի ցածր խաղամակարդակ: Բոլորը ավելի վատ խաղացին: Մրցակիցն ավելի ուժեղ էր. ՊՍԺ-ն հանդիպեց աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ ՊՍԺ-ն այս պահին ՉԼ-ի մրցաշարային աղյուսակում 18-րդն է, իսկ «Արսենալը» 8-րդը։