Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Պալմա դե Մալյորկայի դատարանի որոշման մասին՝ 1 տարվա պայմանական ազատազրկում կիրառել «Մալյորկայի» երկրպագուի նկատմամբ, որը ռասիստական վիրավորանքներ է հասցրել Մադրիդի «Ռեալի» խաղացող Վինիսիուս Ժունիորի հասցեին։
«Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք արել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ֆուտբոլից ատելությունն ու ռասիզմը վերացնելու համար: Անկասկած մենք կշարունակենք դա անել։ Առանց քրեական պատասխանատվության մարզադաշտերում ռասիստական վանկարկումները կամ վիրավորանքները չեն դադարի»,- գրել է Տեբասը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ դատարանը երկրպագուին դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, անձին երեք տարով արգելել են մասնակցել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և Ազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի հովանու ներքո անցկացվող խաղերին։