«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Матч ТВ-ին տված հարցազրույցում պատմել է, որ թիմի ավտոբուսում ճանապարհն ավելի թեթև անցկացնելու համար որոշ ֆուտբոլիստներ խաղաքարտերով գրազ են խաղում գազավորված ըմպելիքի վրա, ինչն արգելված է գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի կողմից:
Ռոստովի օդանավակայանը փակ է 2022 թվականից
— Թիմերը, որոնք գալիս են ձեզ հյուր, բախվում են լոգիստիկայի հարցին: Կպատմե՞ք լայֆհակերի մասին, թե ինչպես կարելի է զվարճալի և ուրախ անցկացնել ժամանակը ճանապարհն անցնելու ընթացքում:
— Ամենակարևորը, հատկապես երբ վերադառնում ես խաղերից, հաղթանակն է: Երբ հաղթում ես, տրամադրությունն ու հույզերը թեթևացնում են ողջ ճանապարհը: Դա 100 տոկոսով այդպես է: Ավելի դժվար է տուն վերադառնալ անհաջող արդյունքից հետո:
Ինձ վերաբերում է կոնկրետ ինձ՝ ժամանակս անցկացնում եմ խաղաքարտերով խաղալով: Ես դեռ այն սերնդից եմ, ով բրիջ* (խաղաքարտերով խաղ, խմբ․) խաղալ գիտի: Ոչ մի բան այնքան չի սպանում ժամանակը, ինչպես այդ խաղը՝ ո՛չ գրքերի ընթերցումը, ո՛չ սերիալների դիտումը, ո՛չ էլ խաղաքարտային այլ խաղերը: Ինձ այդ խաղը սովորեցրին տղաները երկու տարի առաջ, երբ մեր լոգիստիկան բարդացավ:
— Թիմում էլ ո՞վ կարող է պարծենալ խաղաքարտերի հմտություններով:
— Կոլյա Կոմլիչենկոն: Հեռացածներից կառանձնացնեմ Դանիիլ Ուտկինին և Սերգեյ Պեսյակովին, ով ընդհանրապես գլխավորն էր այդ հարցում: Հիմա խաղաքարտային մեր թիմին ավելացնում ենք Միխայիլ Սվյատոսլավովիչ Օսինովին: Ռուսիկ Յատիմովը նույնպես ցանկանում էր միանալ, բայց Վիտալի Վիտալևիչ Կաֆանովը նրան վերցրել է իր հսկողության տակ և թույլ չի տալիս խաղալ մեզ հետ (ծիծաղում է): Կողքից լսել եմ, որ խաղում է նաև Լյոշա Սուտորմինը: Կարծում եմ՝ լավ թիմ է հավաքվել:
— Գումարով խաղալը խստիվ արգելված է: Խաղադրույքն ինչի՞ վրա է լինում:
— «Կոկա-Կոլա», ինչն արգելված է Վալերի Գեորգիևիչի կողմից (ծիծաղում է):
— Բայց կա շաքարազերծ գազավորված ըմպելիք:
— Դա էլ չէ: Այդ պատճառով խաղում ենք նաև շոկոլադի վրա:
— Ինչպե՞ս եք բաշխում տեղերը ավտոբուսում և ինքնաթիռում:
Ես արդեն թիմի գլխավոր վետերանն եմ, այնպես որ՝ ինձ հետ խնդիր չկա: Գնացքում ես ինքս եմ ընտրում, վերևի՞, թե՞ ներքևի հարկում քնել (ծիծաղում է): Իսկ ավտոբուսում խաղաքարտերով խաղացողները միշտ նստում են հետևի մասում. այնտեղ մեզ համար սեղան ենք սարքել,- ասել է Բայրամյանը Матч ТВ-ին: