Չնայած վերջին տասնամյակում գրանցած ոչ այնքան հուսադրող արդյունքներին, «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս շարունակում է մնալ անգլիական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը։
Անգլիական ֆուտբոլային էլիտայում մանկունյացիները դեռևս պահպանում են բարձրակարգ ակումբի կարգավիճակը։ «Յունայթեդում» առաջին հայացքից պետք է, որ ամեն բան կարգին լիներ․ թիմը համալրումներ է կատարում գրեթե բոլոր տրանսֆերային պատուհանների ընթացքում և ֆինանսական առումով չունի որևէ խնդիր։ Եթե այսպես է, ապա ի՞նչն է «կարմիր սատանաներին» խանգարում վերադարձնել թիմի նախկին փառքը։
Տեն Հագն ու մանչեսթերյան շոփինգը
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին երկու տարիների ընթացքում հսկայական գումար է ծախսել տրանսֆերների վրա, որոնք թիմին լուրջ հաջողություններ չեն բերել։ Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օրոք «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերի ցուցակը առնվազն արժանի է ուշադրության։
Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2022 թվականի մայիսին։ Նրա երկու տարվա աշխատանքի ընթացքում անգլիական ակումբը տրանսֆերների վրա ծախսել է ավելի քան 650 միլիոն եվրո՝ 16 խաղացող գնելու համար։
Ակումբը ոչ մի մարզչի օրոք այսքան կարճ ժամանակահատվածում երբեք նման գումար չի ծախսել։ Համեմատության համար՝ Ալեքս Ֆերգյուսոնի օրոք, որը 27 տարի գլխավորել է մանչեսթերյան գրանդը, ակումբը 788 միլիոն եվրո է ծախսել 120 խաղացողների վրա:
Այս մրցաշրջանից առաջ ևս Տեն Հագը «կարմիր սատանաների» ղեկավարությանը խնդրեց բացել քսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց հինգ խաղացողի՝ 214,5 միլիոն եվրո արժողությամբ պաշտպաններ Լենի Յորոյին (62 միլիոն եվրո, «Լիլ»), Մատեյիս դե Լիխտին (45 միլիոն եվրո, «Բավարիա») և Նուսաիր Մազրաուիին (15 միլիոն եվրո, «Բավարիա»), հարձակվող Ջոշուա Ցիրկզեին (42,5 միլիոն եվրո, «Բոլոնիա»), ինչպես նաև կիսապաշտպան Մանուել Ուգարտեին (50 միլիոն ՊՍԺ):
Հոլանդացի մասնագետի ամենաթանկ ձեռքբերումը բրազիլացի հարձակվող Անտոնին է, որը 95 միլիոն եվրոյով գնվել է «Այաքսից» 2022 թվականի ամռանը:
Այն Անտոնին, որը ակումբի կազմում անցկացրած 84 խաղերում կարողացել է խփել ընդամեն 12 գոլ։
Անտոնիից զատ տեն Հագի մյուս ձեռքբերումները ևս չեն տպավորում։ Լիսանդրոն մրցաշրջանի մեծ մասը բաց է թողնում հաճախակի կրկնվող վնասվածքների պատճառով, ինչն արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ինչ վերաբերում է Օնանային, ապա կամերունցին շարունակում է ոչ միանշանակ տպավորություն թողնել ու հաճախակի աչքի է ընկնում կոպիտ սխալներով, որոնք ակումբի վրա հսկայական հետք են թողնում։ Բավական է հիշել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության «Գալաթասարայի» և «Կոպենհագենի» դեմ հանդիպումները և միանգամից համոզվել դրանում։
«Այաքսի» ուրվականը Մանչեսթերում
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս խաղացողներից հինգը տեն Հագի հետ աշխատել են «Այաքսում»՝ նրա նախորդ ակումբում: Նրանք են՝ Անտոնին, Լիսանդրո Մարտինեսը, Անդրե Օնանան, դե Լիխտը և Մազրաուին։
Հոլանդացի մարզիչը սիրում է աշխատել իր հայրենակիցների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել վեց խաղացող Նիդերլանդներից։
Մեկ այլ խնդիր, որով առանձնանում է տեն Հագի «Յունայթեդը» նա է, որ խաղացողները դեռևս թիմի շարքերը չհամալրած ստանում են վնասվածքներ։ Տեն Հագի օրոք «կարմիր սատանաները» չափազանց շատ են ունենում կադրային խնդիրներ։ Հարց, որը պետք անհանգստացի թիմի բժիշկներին և ֆիզպատրաստության մազիչներին։ Բացի Լիսանդրոյից, հաճախակի վնասվածք են ստանում Հոյլունդը, Ռեշֆորդը, Ռաֆայել Վարանը, (որը արդեն հեռացել է թիմից և ավարտել կարիերան), Լյուկ Շոուն, Թայլեր Մալասիան, Վիկտոր Լինդլոֆը, իսկ հիմա էլ թիմի նորեկ Լենի Յորոն, իսկ նրանց համար, հավատացեք, վճարվել է բավականին կլորիկ գումար։
Ո՞ւր է գնում «Յունայթեդը»
Պրեմիեր լիգայի մեկնարկից արդեն անցել է 5 տուր, իսկ «կարմիր սատանաները» արդեն հասցրել են 3 պարտություն կրել։ Տեն Հագի գլխավորած թիմն առաջնության մեկնարկային երեք տուրում ցուցաբերեցին «իրական կայունություն»՝ պարտվելով բոլոր երեք խաղերում։ Թիմը հնարավոր 15 միավորից կարողացել վաստակել ընդամենը 7 միավոր։ 54-ամյա մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումների 28.81%-ում պարտվել է: Այս ցուցանիշով հոլանդացին դարձել է թիմի պատմության մեջ երկրորդ ամենավատ արդյունք գրանցած մարզիչը, որը թիմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։
Եթե Պրեմիեր լիգան աշխարհի ամենամրցունակ առաջնությունն է և ինչ-որ չափով հասկանալի են մանկունյացիների պարբերաբար սայթաքումները, ապա նույնը չենք կարող ասել Եվրոպա լիգայի մասին։
Անգլիական ակումբը Եվրոպա լիգայի խաղարկության ընդհանուր փուլի առաջին խաղում չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել իրենից կարգով շատ ավելի ցածր և համեստ «Տվենտեին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ եվրագավաթային մրցաշարերում իր վերջին 9 խաղերից միայն մեկում է հաղթել, այն էլ «Կոպենհագենին»՝ նվազագույն հաշվով։
Ի՞նչ են անում մարդիկ, երբ փորձում են դուրս գալ փակուղուց․ այո՛, գնում են հին հետքերով։ Տպավորություն է, որ Տեն Հագը փորձ է կատարում գնալ հին հետքերով՝ «Մանչեսթերում» հավաքելով իր գլխավորած «Այաքսի» «ողնաշարը», քանի որ նախկինում այդպես հաջողել էր։
Այսպիսով տպավորության է ստեղծվում, որ հոլանդացին ուզում է պատճենել, այլ ոչ կառուցել, իսկ պատճենը կյանքի բոլոր ոլորտներում միշտ թողնում է իր բացասական հետքերը և տարբերվում իրականից։