Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանն ArmSport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը, որտեղ ինքը կարիերայում առաջին անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
«Առաջին Օլիմպիական խաղերս էր, լավ էինք պատրաստվել ու լավ տրամադրությամբ էինք ժամանել Փարիզ: Արեցինք այն, ինչ կարող էինք: Իհարկե, նպատակս առավելագույնին հասնելն էր, բայց շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Սովոր ենք , որ պատվո հարթակին պետք է երկու հայերով լինենք: Հիմա պարզապես մարզաշապիկներն են փոխվել: Միասին մարզվում ենք ու մինչև մրցման օրն էլ միասին մարզվել ենք, նույն հարթակին քրտինք թափել: Գոռի հետ լավ ընկերներ ենք ու մեր միջև մրցակցությունը միայն մրցման ժամանակ է»,- նշել է Լալայանը:
Անդրադառնալով վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեի հետ դիմակայությանը՝ Լալայանը մասնավորապես նշել է. «Լաշան միայն հարգանքի է արժանի: Սա սպորտ է: Այստեղ հարցը ոչ իր մարդ տեսակի,ոչ էլ լեգենդ լինելու մեջ է: Ամեն մեկս գնում էր իր նպատակի և իր հաղթանակի հետևից: Այո, այս մրցմանը մենք պարտվեցինք Լաշային: Աստված տա, հաջորդ Օլիմպիական խաղերում ունենամ բաղձալի ոսկին: 4 տարի ժամանակ կա. պետք է պատրաստվել միայն ոսկու համար»:
Լալայանը նաև շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին անգնահատելի աջակցություն համար և հաղթանակը նվիրել իր ընտանիքին, հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք ուրախանում են իր հաջողություններով: