Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, որի շրջանակում նաև ընկերական մրցաշարի կմասնակցի:
Մեր ընտրանին հունիսի 21-ին Լոս Անջելեսում ընկերական խաղ կանցկացնի Գվատեմալայի, իսկ հունիսի 23-ին՝ Իռլանդիայի հավաքականների հետ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ ուսումնամարզական հավաքն ու ընկերական խաղերը կարևոր են հատկապես այն առումով, որ ԱԱ-ի ընտրական փուլի խաղերին ընդառաջ հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հնարավորություն կունենա աշխատելու բասկետբոլիստների հետ, տեսնելու նրանց հնարավորություններն ու մարզավիճակը:
Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել 16 բասկետբոլիստներ, այդ թվում՝ երիտասարդ խաղացողներ: Թիմին չեն միացել Քրիս Ջոնսը՝ վնասվածքի, իսկ Դավիթ Խաչատրյանը՝ հետվերականգնողական փուլում գտնվելու պատճառով, Արկադի Մկրտիչյանը ևս բացակայում է: Արթուր Նազարյանի խոսքով՝ բավականին ներկայանալի կազմ ունենք, հավաքն էլ ըստ ծրագրածի է ընթանում:
Արթուր Նազարյանն անդրադարձել է նաև ընկերական մրցաշարում առաջիկա մրցակիցներին: Առաջին խաղում մրցակիցը Գվատեմալայի ընտրանին է. «Գվատեմալան ևս շատ մեծ համայնք ունի ԱՄՆ-ում, մի քանի լավ խաղացողներ կան թիմում: Բավականին դիտարժան հանդիպում ենք ակնկալում: Իռլանդիայի ընտրանին լինելով եվրոպական հավաքական՝ իր խաղաոճով ավելի մոտ է մեր մրցակիցներին: Իռլանդական բասկետբոլը վերջին տարիներին բավական առաջադիմել է»:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հույս է հայտնում՝ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներն ակտիվորեն կաջակցեն Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում և իրենց ներկությամբ կոգևորեն մեր տղաներին:
Հիշեցնենք՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում փետրվարի վերջին Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Այնուհետև՝ նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում, սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: