ԵՎՐՈ 2024-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։
Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։ Այսօր ներկայացնում ենք ԵՎՐՈ 2024-ի A խմբի ներկայացուցիչներին։
Գերմանիա
Ինչու՞ երկրպագել
- ԵՎՐՈ 2024-ից հետո Գերմանիայի հավաքականի անդամ, համաշխարհային ֆուտբոլի աստղ Թոնի Կրոսը կավարտի իր ֆուտբոլային անզուգական կարիերան։
- Թիմի նոր առաջատարները՝ 21-ամյա տաղանդավոր կիսապաշտպաններ Ֆլորիան Վիրցն ու Ջամալ Մուսիալան, նոր շունչ են հաղորդել հավաքականին։
- Ինչպիսի՞ն կլինի Նագելսմանի նոր մարտավարությունը, որն այնքան էլ հեշտ չէր ակումբային հարթակից տեղափոխել հավաքական։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Նոյեր — Միտելշտադտ, Տահ, Ռուդիգեր, Կիմմիխ — Անդրիչ, Կրոս — Վիրց, Գյունդոգան, Մուսիալա — Հավերց
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է
Յուլիան Նագելսմանի կազմի ընտրության շուրջ հակասություններ կան հիմա։ Չկա կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը՝ չնայած այն հանգամանքին, որ նա հիանալի մարզավիճակում էր գարնանը։ Չկա նրա թիմակից Յուլիան Բրանդտը, չկա «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկին։ Նագելսմանը բացատրում է հետևյալ կերպ. «Կա հստակ հիերարխիա, յուրաքանչյուրն ունի իր դերը։ Պետք է ընտրել ոչ թե ամենաուժեղ խաղացողներին, այլ լավագույններին՝ կոնկրետ դիրքերի համար»։ Հետևաբար, չկա Հումելսը, բայց այնտեղ կլինի «Այնտրախտի» պաշտպան Ռոբին Կոխը:
ԽԱՂԱՈՃԸ
Հարձակողական ֆուտբոլ՝ ազգային չափանիշներով ուժեղ դիրքային խաղ ցուցադրելու ցանկությամբ: Մեծ հույսը Թոնի Կրոսի վրա է, որը պետք է դառնա խաղի դիրիժորը։ Դրան գումարում ենք Ֆլորիան Վիրցի և Ջամալ Մուսիալայի ստեղծագործական ուղեղը և ստանում ենք մահացու զենք: Պաշտպանական եզրերը նույնպես հակված կլինեն հարձակման։
ՄԱՐԶԻՉԸ
Յուլիան Նագելսմանը դեռ շատ երիտասարդ է (36 տարեկան), բայց արդեն տևական ժամանակ է՝ Եվրոպայի ամենահայտնի մարզիչներից մեկն է։ Նրա «Հոֆենհայմը» և «Լայպցիգը» Գերմանիայի վերջին 10 տարվա լավագույն թիմերից են, իսկ «Բավարիայում» աշխատանքն ընդհատվեց հիմար հեռացման պատճառով: Մյունխենում ցանկանում էին վերադարձնել Նագելսմանին Եվրոյից հետո, սակայն նա երկարաձգեց պայմանագիրն ազգային հավաքականի հետ մինչև 2026 թվականը։ Մեր մեջ ասած՝ լավ էլ արեց։
ԿԱԶՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սենսացիոն «Շտուտգարտի» չորս ֆուտբոլիստ Գերմանիայի ընտրանու կազմում է՝ կենտրոնական պաշտպան Վալդեմար Անտոնը, ձախ պաշտպան Մաքսիմիլիան Միտելշտադտը, ձախ եզրային հարձակվող Քրիս Ֆյուրիչը և հարձակվող Դենիզ Ունդավը։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու Թոնի Կրոսը։ Սա հզոր վերադարձ էր ազգային հավաքական․ նա Նագելսմանի ֆուտբոլի դեմքն է, և սա նրա կարիերայի վերջին մրցաշարն է: Կրոսը հեռանում է փառքի գագաթնակետին, նա այս մրցաշրջանի լավագույններից էր։ Նա Գերմանիայում կրկին խաղալու որոշումը բացատրեց Նագելսմանի լավ ծրագրով և կասկածողներին ապացուցելու ցանկությամբ, որ այս թիմը շատ բանի է ընդունակ։
ՇՈՏԼԱՆԴԻԱ
«Կելտերը» դուրս եկան խմբում երկրորդ տեղից՝ բաց թողնելով միայն Իսպանիային։ Ընտրական փուլի մեկնարկում 5 (!!!!) անընդմեջ հաղթանակները բոլորին զարմացրին։ Այդ ընթացքում գրանցվեց հաղթանակ նույնիսկ խմբի առաջատարի նկատմամբ: Նրանք ձախողեցին խմբային փուլի ավարտը, բայց Նորվեգիայից առաջ անցան 6 միավորով և թույլ չտվեցին Էրլինգ Հոլանդին ու Մարտին Էդեգորին հայտնվել եզրափակիչ փուլում։
Ինչու՞ երկրպագել
- Շոտլանդացիները կարողանում են բրիտանական ուժային ֆուտբոլը հետաքրքիր ձևափոխել տպավորիչ կոմբինացիաների։
- Շոտլանդիան չի հասել միջազգային խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ և Եվրո-2024-ը շանս է՝ հաշվի առնելով խմբային փուլի լավ արդյունքները։
- Շոտլանդիան գրեթե նույն Անգլիայի հավաքականն է՝ միայն առանց պաթոսախեղդ տանջանքների և ավելորդ հավակնությունների:
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Գան — ՄակՔրորի, Պորտեուս, Հենլի, Ռոբերտսոն — ՄաքԹոմինեյ, Գիլմուր — Քրիստի, Մակգին, Արմսթրոնգ — Շենկլենդ
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է
Ըստ մամուլի, հավաքականի մարզչական շտաբը վերլուծել է խմբային փուլի աղետալի ավարտի պատճառները և հիմա պատրաստ է երկրի պատմության 4-րդ ԵՎՐՈ մրցաշարին։ Թիմը ոգևորված է՝ հաշվի առնելով խաղի կտրուկ փոփոխությունները։
ԽԱՂԱՈՃԸ
Շոտլանդիան գրեթե ամբողջ որակավորումը խաղացել է 5 պաշտպանով, բայց մի քանի առանցքային խաղացողների վնասվածքից հետո անցավ 4 պաշտպանի։ Մարզիչ Սթիվ Քլարկի օրոք շոտլանդացիները հրաժարվեցին բրիտանական ֆուտբոլից և սկսեցին խաղալ ճնշող գրոհներով: Ֆիզիկական տեսանկյունից նույնպես ամեն ինչ լավ է, բայց կարող են խանգարել անփորձությունը և մրցակիցների համեմատ ոչ այնքան բարձր կարգը:
ՄԱՐԶԻՉԸ
60-ամյա Սթիվ Քլարկը թիմի հետ աշխատում է 2019 թվականից, բայց թիմին արդեն մեկ անգամ հասցրել է մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ՝ Եվրո 2020։ Ֆուտբոլիստների հարգանքն ամենաբարձր մակարդակի վրա է։ Թիմի ավագ Էնդրյու Ռոբերտսոնը խոստովանել է, որ Սթիվի օրոք թիմի մթնոլորտը զգալիորեն բարելավվել է։ Դա երևում է արդյունքներից․ մինչև Եվրո-2024 մտնելը նրանց թիմն Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցրեց։ Բացի դրանից, Քլարկը մեծապես թարմացրել է թիմը. նրա նորամուտի խաղի համեմատ թիմում մնացել է ընդամենը 7 խաղացող: Ընդ որում, մարզիչը հետևում է Սպինոզայի օրինակին (ինչպես «Մեր Բակը» ֆիլմում ասում էր Հրանը) և մտածում է վաղվա օրվա մասին․ «Չեմ ուզում մտածենք՝ միայն 2024-ի մասին ու վերջ։ Պետք է մտածել և՛ 2026, և՛ 2028 թվականների մրցաշարերի մասին ևս»:
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Թիմի ընդգծված առաջատարը Սքոթ Մաքթոմինեյն է, որը պատասխանատու է ստեղծագործական մտքի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը 7 գոլ է խփել որակավորման 8 խաղում, ինչն, ասեք, որ տպավորիչ է: Կարևոր դեր ունի նաև ավագ Էնդի Ռոբերտսոնը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին մի քանի հանդիպումները, բայց այժմ վերադարձել է խաղադաշտ:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
Հունգարացիները հաղթեցին իրենց խմբում և նույնիսկ պարտություն չկրեցին՝ 5 հաղթանակ և 3 ոչ-ոքի՝ ներառյալ 6 միավոր հզոր Սերբիայի հետ:
Ինչու՞ երկրպագել
- Նրանք ընդհանրապես չեն վախենում ֆավորիտներից. Մարզիչ Ռոսսիի հետ ում կյանքն ասես՝ չեն կերել։
- Դոմինիկ Սոբոսլայը հնարավորություն է ստացել առաջին անգամ ելույթ ունենալ ազգային թիմի հետ խոշոր մրցաշարում և ապացուցել իր կարևորությունը «Լիվերպուլի» նորանշանակ մարզիչ Արնե Սլոտին։
- Հունգարիան ԵՎՐՈ-2016-ին գերազանց ֆուտբոլ խաղաց ու գիտի՝ ինչպես պայքարել իրենից ուժեղ թիմերի հետ։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Գուլաչի — Լանգ, Դարդայ, Օրբան — Կերկեզ, Նագի, Շեֆեր, Նեգո — Շալայ, Սոբոսլայ — Վարգա
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է
Հունգարիան գրեթե 2 տարի չի պարտվել՝ 2022 թվականի սեպտեմբերից, երբ 0:2 հաշվով թիմը զիջել է Իտալիային։ Այդ ժամանակից ի վեր գրանցվել է 9 հաղթանակ և 5 ոչ-ոքի։ Թիմը բոլորին հայտնի է դարձել հատկապես վերջին րոպեներին միավորներ խլելու առումով։ Պարտությանը հունգարացիներն ամենամոտը եղել են 2023 թվականի նոյեմբերին՝ Բուլղարիայի դեմ խաղում (2:2), որտեղ միայն հանդիպման վերջին վայրկյաններին են կարողացել հավասարեցնել հաշիվը։
ԽԱՂԱՈՃԸ
Հունգարիայում վերջին տարիներին սովորական սխեման 3-4-3-ն է՝ հնարավոր տատանումներով: Հիմքը թիմային աշխատանքն է, որը փոխհատուցում է գերաստղերի պակասը։ Հնարավոր խնդիրները մոտավորապես նույնն են, ինչ Շոտլանդիայում՝ կարգի բացակայություն և փորձի պակաս:
ՄԱՐԶԻՉԸ
59-ամյա Մարկո Ռոսսին է։ Աշխատելով 2018 թվականից՝ նա Հունգարիան բարձրացրել է ուժեղ միջին «անդերդոգի» մակարդակի։ ԵՎՐՈ-2020-ում նրանք ոչ-ոքի խաղացին Ֆրանսիայի և Գերմանիայի հետ և դուրս չեկան փլեյ-օֆֆ՝ հիմնականում դժվար վիճակահանության պատճառով. Որպես մրցակից նաև Պորտուգալիան էր: Նա թիմին չհասցրեց 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, բայց Ազգերի լիգայի ֆավորիտների համար իսկակական մղձավանջ էր․ երկու հաղթանակ՝ Անգլիայի նկատմամբ (հատկապես հիշարժան էր 4։0 հաշվով հաղթանակը), ու 4 միավոր՝ Գերմանիայի հետ։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Դոմինիկ Սոբոսլայն առաջնային դեր չունի «Լիվերպուլում», բայց ազգային հավաքականում մեգաարդյունավետ է՝ 4+4 ընտրական փուլում․ այս տարի նա գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի և Կոսովոյի հետ խաղերում։ Նա նաև թիմի ավագն է. վատ չէ 23-ամյա երիտասարդի համար: Բացի Սոբոսլայից, նշում ենք փորձառու Վիլի Օրբանին, ով պաշտպանությունում պինդ կորիզ է և ամեն մեկին թույլ չի տա իրեն շրջանցել։
ՇՎԵՅՑԱՐԻԱ
Շվեյցարիան դուրս եկավ ընտրական իր երկրորդ տեղից՝ բաց թողնելով միայն Ռումինիային: Ընտրական փուլը, գործնականում, առանց պարտությունների անցավ։ Վերջին տուրում թիմը զիջեց միայն առաջատարին՝ 0:1 հաշվով, մնացած հանդիպումներում գրանցվեց 4 հաղթանակ և 5 ոչ-ոքի։
Ինչու՞ երկրպագել
- Եթե դուք «Բազելի» հին երկրպագու եք, հանուն դրա կերկրպագեք Շվեյցարիային՝ Մուրատ Յակինի համար:
- Եթե Լևերկուզենի «Բայերի» երկրպագու եք՝ Գրանիտ Ջակայի համար։
- Մնացած դեպքերում ձեզ կգրավի պարզապես գեղեցիկ ֆուտբոլը, որը նախագծված է «Սիթիի» և «Բայերի» անհատ կատարողների կողմից։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Սոմեր — Շեր, Ականջի, Էլվեդի — Վիդմեր, Ջակա, Ֆրեյլեր, Նդոյե — Շաքիրի, Դուա, Վարգաս
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է
Թիմի արդյունքները լավը չեն՝ ընդամենը 1 հաղթանակ՝ 2023 թվականի սեպտեմբերից։ Ընտրական փուլի անհաջող ավարտը` Դանիայի հետ ոչ-ոքին, և Իռլանդիայի հետ համեստ 1:0 հաշիվը լավատեսություն չեն ներշնչում։ Բայց կադրային խնդիրներ չկան՝ բոլոր առաջատարները հայտացուցակում են։ Մրցաշարին գալիս է դասական Շվեյցարիան՝ աստղային և երիտասարդ խաղացողների միաձուլումով: Չմոռանանք դարպասապահ Յան Զոմերի, պաշտպան Մանուել Ականջիի, կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի և հարձակվող Բրիլ Էմբոլոյի մասին։
ԽԱՂԱՈՃԸ
Ընտրական խմբում թիմն ավելի հաճախ էր խաղում 4 պաշտպանով, վերջին երկու հանդիպումներն անցկացրել է 3 կենտրոնականով։ Կայուն թիմ է, որը կարող է հաղթանակներ պոկել և պրեսինգ կիրառել։ Ճիշտ է, կան նաև այլ հարցեր՝ խնդիրներ պաշտպանությունում (ընդամենը 3 չոր խաղ՝ որակավորման փուլում, իսկ 2023-ի հոկտեմբերին 3 գոլ «կերան» Բելառուսից) և ցածր արդյունավետություն։
ՄԱՐԶԻՉԸ
Ղեկին այն նույն Մուրատ Յակինն է՝ «Սպարտակի» «լեգենդը», որը խնդիրներ ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ, իդեալական չէին հարաբերությունները նաև Յուրա Մովսիսյանի հետ։ Նա գլխավորել է ազգային հավաքականը 2021 թվականին և արդեն թիմին տանում է երկրորդ խոշոր մրցաշարի. 2022 թվականի Աշխարհի առաջնությունում նա թիմին դուրս է բերել փլեյ-օֆֆ, որտեղ 6 գոլ է ընդունել Պորտուգալիայից։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Թիմի առաջատարը Գրանիտ Ջական է։ Նա փայլեց արդեն լեգենդար դարձած «Բայերում» ու մրցաշրջանն անցկացրեց ամենաբարձր մակարդակով։ Երկաթե ու անկոտրում ավագն է, որը գործնականում երբեք բաց չի թողնում խաղերը: Նա զգալի ներդրում ունեցավ «Բայերի» ռեկորդային անպարտելի շարքում:
Ռոբերտ Գասպարյան