Ճապոնիայի փոխվարչապետը չի բացառել Օլիմպիական խաղերի հետաձգումը։
Երկրի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ խոսել են Տոկիոյում 2020 թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հնարավոր սպառնալիքների մասին:
Ճիշտ է, երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը հրապարակել էր վարչապետ Սինձո Աբեն, կայանում է նրանում, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, եւ Ճապոնիան նույնիսկ չի դիտարկում խաղերի չեղարկման տարբերակները: Սակայն Ճապոնիայի ֆինանսների նախարար եւ փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա զսպել կորոնավիրուսի համաճարակը, Օլիմպիադայի անցկացումը «իմաստ չի ունենա», եթե մյուս երկրները չկարողանան իրենց մարզիկներին ուղարկել: «Ինչպես ասել է վարչապետ Աբեն՝ ցանկալի է Օլիմպիադան անցկացնել անվտանգության եւ ուրախության համընդհանուր զգացողության մթնոլորտում, բայց Ճապոնիան ի վիճակի չէ այդ հարցն ինքնուրույն լուծել»,- նշել է Տարո Ասոն:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ՄՕԿ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ «ՄՕԿ-ը պահպանում է լիակատար հավատարմությունը 2020թ Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացմանը»: Դրանում հաղորդվում է նաև, որ քանի որ մինչև խաղերի մեկնարկը մնում է ավելի քան չորս ամիս, «արմատական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»։ Սակայն կոմիտեի հայտարարության մեջ նաև նշվում է, որ ստեղծված իրավիճակում իդեալական լուծումներ ընդհանրապես չեն կարող լինել: «Սա բացառիկ իրավիճակ է։ Այն պահանջում է բացառիկ լուծումներ. ՄՕԿ-ը ձգտում է լուծում գտնել մարզիկների համար նվազագույն բացասական հետևանքներով՝ պահպանելով մրցումների ամբողջականությունը եւ մարզիկների առողջությունը: Այս իրավիճակում ոչ մի լուծում կատարյալ չի լինի», — ասվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ ։

Նկատենք, որ Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման գաղափարին ավելի ու ավելի շատ կողմնակիցներ են արտահայտվում, ընդ որում ՝ արդեն ՄՕԿ-ի շարքերից։ ՄՕԿ-ի անդամ, հոկեյի քառակի Օլիմպիական չեմպիոն Հեյլի Ուիկենհայզերը (Կանադա) ՄՕԿ-ի ղեկավարությանը մեղադրել է անպատասխանատվության եւ անտակտության մեջ: Նա նշել է, որ մարզական ղեկավարության գործողությունները մարզիկներին բարդ դրության մեջ են դնում․ չէ՞ որ նրանցից շատերը պարզապես չեն կարող մարզվել իրենց երկրներում մտցված տեղաշարժի սահմանափակումների պատճառով։ Բացի այդ, օլիմպիական որակավորման մրցումների չեղարկման պատճառով աթլետները մինչ օրս չգիտեն, թե արդյո՞ք նրանք իրավունք կստանան հանդես գալ Տոկիոյում:
Օլիմպիական խաղերի տեղափոխման օգտին հանդես է եկել նաև Իսպանիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեխանդրո Բլանկոն։ Նրա խոսքով՝ առանցքային բարդությունը «նախատեսված ժամկետներում մարզումների անցկացման անհնարինությունն է», ինչը «կարող է մարզիկներին անհավասար պայմանների մեջ դնել»:
Ինչ վերաբերում է Խաղերի նախապատրաստությանը՝ այստեղ խոսքն արդեն ոչ այնքան մարզումների, որքան որակավորման մրցաշարերի անցկացման մասին է, իսկապես բարդ է. այս պահին ընտրվել է Օլիմպիադայի մասնակիցների միայն 57%:

Օլիմպիական խաղերի չեղարկումը կամ տեղափոխումը կարող են զգալի ազդեցություն ունենալ ճապոնական տնտեսության վրա՝ չհաշված ՄՕԿ-ի եկամուտները, որը ծրագրել էր ընթացիկ քառամյա օլիմպիական ցիկլում վաստակել մոտ 6 մլրդ դոլար (եկամուտների առյուծի բաժինը կապված է հենց Տոկիո-2020-ի հետ): Առայժմ, սակայն, ճապոնական բիզնեսը լավատեսորեն է տրամադրված։ Reuters-ի անցկացրած հարցման տվյալների համաձայն (դրա մասնակիցները դարձել են ավելի քան 500 խոշոր եւ միջին ընկերություններ), ընկերությունների ղեկավարների 77% ակնկալում է, որ Օլիմպիադան կանցնի սահմանված ժամկետներում: Ի դեպ, պետք է նկատել, որ տվյալ դեպքում խոսքը ավելի շուտ ցանկությունների մասին է, քան կանխատեսումների։ Բանն այն է, որ ճապոնական շատ ընկերություններ կապված են օլիմպիական նախագծերի հետ և խաղերի չեղարկումն ուղղակիորեն կհարվածի նրանց։ Բացի այդ, հարցումն անցկացվել է մարտի 2-ից 12-ը։ Իսկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ նոր հարցման արդյունքները կարող էին այլ պատկեր ունենալ։