Վերջին շրջանում սպորտային լրատվական աշխարհը ցնցել էր հոլանդացի հարձակվող Քուինսի Պրոմեսի անվան շուրջ ծագած սկանդալը։ Հոլանդիայի դատախազությունը «Սպարտակի» հարձակվողին մեղադրանք է առաջադրել թմրանյութերի մաքսանենգության համար։ Նրան կասկածում են 650 և 720 կիլոգրամ քաշով կոկաինի երկու բեռների ներմուծման գործում ներգրավվածության մեջ։ Դրանք հայտնաբերվել են Անտվերպեն նավահանգստում դեռևս 2020 թվականի հունվարին։ Դատախազությունը կարծում է, որ ֆուտբոլիստը 200.000 եվրո է ներդրել թմրանյութերի մեջ՝ պլանավորելով դրանց վաճառքից վաստակել 6 մլն եվրո։ Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո։ Հունիսին Ամստերդամի դատարանը Քուինսի Պրոմեսին դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման՝ իր զարմիկին դանակահարելու համար։ Ֆուտբոլիստը որպես փոխհատուցում պետք է տուժողին վճարի նաեւ 7000 եվրո։ Ինքը՝ Պրոմեսը, չէր ներկայացել դատական նիստին և վերաքննիչ բողոք էր ներկայացրել այս դատավճռի դեմ։
Այս պրոցեսը դեռ շատ ջուր է քաշելու։ Քանի դեռ Պրոմեսը «դատվում» է, եկեք հիշենք աշխարհահռչակ մյուս մարզիկների «չարությունները»։
Դանի Ալվես
Բրազիլացի պաշտպանը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր պաշտպաններից է, խաղացել է աշխարհի ուժեղագույն լիգաներում և թիմերում, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Բոլորը Ալվեսին ճանաչել են որպես կենսուրախ ու կատակասեր մարդու։ Սակայն 2023 թվականի վերջին «պուպուշ» կերպարը փոշիացավ, երբ մամուլում տարածվեց տեղեկություն նրա ձերբակալության մասին։ Ալվեսին բերման են ենթարկել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի «Sutton» գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով: Դիմումատուի խոսքով՝ 39-ամյա Ալվեսը գիշերային ակումբում խնջույքի ժամանակ մոտեցել է իրեն և առանց նրա համաձայնության, ձեռքը մտցրել նրա ներքնազգեստի մեջ: Ըստ տուժողի ցուցմունքի՝ երբ իրեն հաջողվել է փախչել ֆուտբոլիստից, այդ մասին հայտնել է ընկերներին և գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, ովքեր դիմել են կատալոնական ոստիկանություն։ Մեղադրանքներից հետո Դանին հաստատել է, որ դեկտեմբերի 30-ին եղել է «Sutton» ակումբում, սակայն հերքել է, որ իր կողմից ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվել. «Ես երբեք չեմ ներխուժել մարդկանց անձնական տարածք: Սա ինձ ու իմ սիրելիներին վնասելու փորձ է»,- ասել է նա։
Բայց Ալվեսի համար ամեն ինչ հարթ ու սահուն չանցավ։ Դատարանը բավարար համարեց բոլոր ապացույցները, Դանի Ալվեսի գործողությունները որակեց որպես բռնաբարություն ու դատապարտեց 4,5 տարվա իրական ազատազրկման։ Դատարանի դահլիճում նստած Ալվեսն ուներ խղճուկ տեսք, սակայն ոչ դա, ոչ էլ իր փառահեղ կարիերան հաշվի չառնվեց։ Այժմ Ալվեսը բանտում է, իսկ իր անունը հավերժ հեռացվել է «Բարսելոնայի» լեգենդների շարքից։
Ռոբինյո
Երբ «Սանթոսի» կազմում Ռոբինյոն ցույց էր տալիս իր հնարքները, բոլորն ասում էին՝ նա նոր «Պելեն» է։ Անցել են տարիներ, համաշխարհային ֆուտբոլում հայտնվել են նոր բրազիլացիներ, որոնց անվանում են նոր «Պելեներ», որոնցից, սակայն, և ոչ մեկը ցայսօր նույնիսկ մոտ չի կանգնած ֆուտբոլի «Արքային»։ Այդուհանդերձ նրանք գոնե չեն հայտնվել աղմկահարույց սկանդալի մեջ, ինչը չհաջողվեց անել Ռոբինյոյին։
Փոքրամարմին բրազիլացին «Միլանում» հանդես գալու տարիներին մասնակցել է, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև կազմակերպել է խմբակային բռնաբարություն։ Ըստ դատական մարմինների՝ Ռոբինյոն ու ևս 5 հոգի սեռական ոտնձություն են կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ։ 2017 թվականին քննությունն ավարտվեց, դատարանն էլ Ռոբինյոյին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։ Իտալական կողմը դիմեց Բրազիլիայի իր կոլեգաներին՝ հանցագործին արտահանձնելու նպատակով, սակայն օվկիանոսից այն կողմ հնարավոր չեղավ Ռոբինյոյին ուղարկել հետ Իտալիա։ Այս պահին Ռոբինյոն ազատության մեջ է, բառացիորեն ժամեր առաջ արել է մեկնաբանություն իր դատական պրոցեսի մասին։
«Այն, ինչ տեղի է ունեցել Իտալիայում, շատ տխուր է։ Ինձ դատապարտել են մի երկրում, որտեղ ռասիզմն օր օրի նոր թափ է հավաքում, ինչը չի վերացել այն օրից, ինչ ես այնտեղից հեռացել եմ։ Ես վստահ եմ՝ սպիտակամորթ իտալացուն նման խայտառակ կերպով չէին քննի», — ասել է Ռոբինյոն։
Մայք Թայսոն
Պատմության լավագույն բռնցքամարտիկներից մեկն ունի անցյալ, որը ներառում է մի քանի դատվածություն՝ զինված հարձակման, բռնաբարության և թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար: 58-ամյա Թայսոնը մանկուց խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Դեռևս 12 տարեկանում Բրուքլինում նրան ձերբակալեցին գողություն անելիս և ուղարկեցին մանկական կալանավայրեր, որտեղ էլ, փաստորեն, սկսվեց բռնցքամարտի նրա փայլուն կարիերան։
1992-ի մայիսին, արդեն աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումով, նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ «Միսս Սև Ամերիկա» կոչմանն արժանացած Դեզիրե Վաշինգտոնի բռնաբարության համար։ Օրինակելի պահվածքի համար Թայսոնն ազատ է արձակվել երեք տարի անց։ 1999 թվականին Թայսոնը 3,5 ամիս անցկացրեց Մերիլենդի բանտում՝ փողոցային բախումների ժամանակ երկու մեքենայի վարորդների ծեծի ենթարկելու համար։ Միաժամանակ նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, սակայն վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այդ ժամանակվանից նա հայտնվել է ևս մի քանի տհաճ իրավիճակների մեջ՝ ծեծել է լրագրողի, բռնվել թմրանյութեր օգտագործելիս և այլն, բայց երբեք ստիպված չի եղել այլևս բանտում հայտնվել։ Բայց հիշենք, որ նա ընդամենը 58 տարեկան է, դեռ ուշ չէ։
Օսկար Պիստորիուս
Թվում է՝ Սուրբ Վալենտինի օրը սիրո, համերաշխության, հաշտության համար իդեալական տոն է։ Իհարկե, կան նաև հումորներ այդ օրվա վերաբերյալ. «եթե չես ուզում շատ գումար ծախսել Վալենտինին, կա հեշտ լուծում՝ թեթև կռվիր զուգընկերոջդ հետ»։ Օսկար Պիստորիուսը վիճել է իր ընկերուհու հետ, բայց հետևանքներն առավել քան վատն են եղել։ Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոնի տխուր պատմությունը սկսվել է 2013 թվականի փետրվարի 14-ին՝ հենց Վալենտինի օրը, երբ նրա ընկերուհին՝ հարավաֆրիկացի հայտնի մոդել Ռիվա Սթինքեմփը, սպանվել է լեգենդար մարզիկի տանը: Վարկածներից մեկի համաձայն՝ աղջիկը ցանկացել է անակնկալ մատուցել իր սիրելիին և առանց նախազգուշացման հայտնվել է նրա տանը։ Պիստորիուսը կարծել է, որ ավազակները ներխուժել են իր տուն և սկսել է պաշտպանվել և հրացանից արձակել է կրակոց։ Մեղադրյալը պնդել է չկանխամտածված սպանության մասին, սակայն մեղադրող կողմի հինգ վկաներ պնդում են, որ չարաբաստիկ գիշերը տանից լսել են կնոջ բղավոց։
Դատավարությունը սկսվել է 2014 թվականի մարտի 3-ին։ Դատախազ Ջերի Նելը պնդել է կանխամտածված սպանության տարբերակը, որի համար Պիստորիուսին սպառնում էր 25 տարվանից մինչև ցմահ ազատազրկում։ Սկզբում դատարանը որոշեց պարալիմպիացուն մեկ ամսով տեղավորել հոգեբուժական կլինիկայում, սակայն բժիշկները փաստեցին՝ Պիստորիուսը սպանության պահին մեղսունակ է եղել։ Վեց ամիս անց մարզիկը մեղավոր ճանաչվեց Սթինքեմփի սպանության համար։ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն հետագայում այդ ժամկետը հասցվեց 7 տարվա:
Ալեքսանդր Կոկորին և Պավել Մամաև
Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը համարվում են ռուսական ֆուտբոլի ամենաաղմկահարույց կերպարները։ Նրանք եղել են անբաժան ընկերներ դեռևս 2008 թվականից։ Հենց այդ «անբաժան» ընկերության տասնամյա հոբելյանը նշելու պատրվակով Կոկորինն ու Մամաևը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից («Զենիթ» — «Կրասնոդար»՝ 2-1) հետո «Սապսան» գնացքով մեկնել են Մոսկվա։ Ուղևորության ընթացքում, ըստ որոշ վկայությունների, ընկերների զույգը հրմշտոց է հրահրել, հնչել են բղավոցներ, սակայն ուղևորափոխադրող ընկերությունը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։
Հավանաբար, զգալով, որ գնացքում տեղի ունեցածը քիչ է, Կոկորինն ու Մամաևը հոկտեմբերի 8-ի առավոտյան Մոսկվայում վիրավորել են արդյունաբերության և առևտրի նախարարության ավտոմոբիլային արդյունաբերության և երկաթուղային տեխնիկայի վարչության պետ Դենիս Պակին և Կենտրոնական գիտահետազոտական ավտոմոբիլային ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Գայսինին։ Այնուհետև, այլ վայրում վիճել են ու ծեծել Առաջին ալիքի աշխատակցուհի Օլգա Ուշակովայի վարորդ Վիտալի Սոլովչուկին։ Դատարանի դահլիճում, բացի անբաժան ընկերներից, իրենց դատավճռին էին սպասում Ալեքսանդր Կոկորինի կրտսեր եղբայրը՝ Կիրիլ Կոկորինը, և նրանց ընդհանուր ծանոթ Ալեքսանդր Պրոտասովիցկին։ 2019 թվականի մայիսի 8-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մեղադրյալներին դատապարտեց իրական պատժի՝ Կոկորին եղբայրները ստացան 1,5 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում, Մամաևն ու Պրոտասովիցկին՝ 1 տարի 5 ամիս։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած դատավարությանը բավարարվեց Կիրիլ և Ալեքսանդր Կոկորինների, ինչպես նաև Պավել Մամաևի միջնորդությունը՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ: 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Կոկորին-Մամաև գործով անցնող անձինք ազատ արձակվեցին։
Էդվին Վալերո
Էդվին Վալերոն ծնունդով Վենեսուելայից էր։ 1981 թվականին ծնված բռնցքամարտիկը 2001 թվականին առանց սաղավարտի մոտոցիկլետ է վարել ու ենթարկվել է լուրջ վթարի։ Անհրաժեշտ է եղել գլխի վիրահատություն։ Կար մտավախություն, որ նա ստիպված է լինելու հեռու մնալ սպորտից, սակայն բժիշկները վառեցին կանաչ լույսը, և 2002 թվականին նա մտավ պրոֆեսիոնալ ռինգ։
Մինչև կարիերայի վերջին մենամարատը Վալերոն մնաց անպարտելի՝ 27 մենամարտ ու 27 հաղթանակ։ Զարմանալի է, չէ՞։ Իսկ էլ ավելի զարմանալի փաստ՝ այդ 27 հաղթանակները նա տարել է նոկաուտով։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. 27 նոկաուտներից 19-ը վենեսուելացի բռնցքամարտիկը գրանցել է առաջին ռաունդում։ Բնականաբար, Վալերոն 2 վարկածներով դարձել է աշխարհի չեմպիոն։
Սակայն կյանքի ընթացքում նա գրեթե միշտ «լավ հարաբերություններ» չի ունեցել օրենքի հետ։ Հարավամերիկացի մարզիկը քանիցս կանչվել է ոստիկանություն՝ պարզաբանելու կնոջ հանդեպ ոտնձգություն անելու և թմրանյութեր օգտագործելու կապակցությամբ։ Սակայն ամեն անգամ գործը կարճվել է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա կինը՝ Ջենիֆերը, ոստիկանությանը ցուցմունք է տվել, որ Վալերոն նրան ծեծել է, կոտրել է կողոսկրերը, և այդ կոտրված կողոսկրերից մեկը վնասել է թոքը։ Բայց, ամենայն հավանականությամբ, ամուսնու սպառնալիքներից վախենալով, նա փոխել է ցուցմունքն ու հայտնել, որ ընկել է աստիճաններից։
Ջենիֆերի հորեղբայրը պատմել է, որ Վալերոն միայնակ չէր կոկաին օգտագործում, այլև կնոջն է ստիպել թմրանյութ ընդունել։ Կնոջ հետ վերջին ծեծից հետո բռնցքամարտիկին իբր 6 ամսվա պարտադիր բուժում են նշանակել, սակայն ապրիլի սկզբին նա ազատ է արձակվել Մերիդայի կլինիկայից։ Վալերոյին կցվեց ոստիկանության աշխատակից, բայց նա կարողացավ «պոկվել» նրանցից, և 2010 թվականի ապրիլի 17-ին նա և Ջենիֆերը հայտնվեցին Վալենսիայում։
Հենց այդ երեկո, ամենայն հավանականությամբ թմրանյութի ազդեցության տակ, Էդվինը հյուրանոցում սպանել է կնոջը, այնուհետև իջել է առաջին հարկ ու խնդրել է կանչել ոստիկանություն։ Բաժնում նա խոստովանական ցուցմունք է տվել, իսկ մեկուսարանում հայտնվելուց ժամեր անց հետո ինքնասպան է եղել։
Օ․Ջեյ Սիմփսոն
Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը, որն աշխարհին ավելի հայտնի է որպես Օ.Ջեյ Սիմփսոն, չի բավարարվել միայն մարզական հայտնիությամբ։ Առաջին անգամ նա «սուր զգացողությունների» հետևից գնացել է դեռ 1994 թվականին։ Այդ ամռանը մարզիկի նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի մարմինը հայտնաբերվել է նրանց ընդհանուր տանը։ Հենց ֆուտբոլիստը մեղադրվում էր կնոջ ու նրա սիրեկանի՝ մատուցող Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։
Չնայած շատ համոզիչ ապացույցների առկայությանը՝ երդվյալ ատենակալները անմեղ ճանաչեցին, որը հիմնված էր Միացյալ Նահանգների սևամորթ բնակչության դեմ «ոստիկանության դավադրության» վարկածի վրա։ Այստեղ շատ կարևոր է, թե ով էր նրա փաստաբանը դատարանում. անվանի մարզիկի իրավունքները պաշտպանում էր այդ ժամանակ լեգենդար դարձած փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը։ Բայց, ինչպես ասում են, կյանքում գործում է բումերանգի օրենքը, և ճակատագրից չես փախչի։ 2008 թվականի դեկտեմբերին Լաս Վեգասի դատարանը ֆուտբոլիստին մեղավոր է ճանաչել հանցավոր խումբ ստեղծելու, այն ղեկավարելու մեջ և դատապարտել 33 տարվա ազատազրկման։ Այնուհետև, դատարանը մասամբ բավարարել է Սիմփսոնի խնդրանքը, և նա կարողացել է ազատ արձակվել 2017 թվականին՝ 70 տարեկանում։
Վստահ եմ՝ 90-ականների սերնդի ներկայացուցիչների համար Օ․Ջեյ Սիմփսոնի դեմքը շատ ծանոթ է, բայց վստահաբար, ոչ ամերիկյան ֆուտբոլի խաղադաշտերից։ Օ․Ջեյ Սիմփսոնը 80-ականների վերջին և 90-ականների սկզբին, ընդհուպ մինչև առաջին մեղադրանքը, եղել է «Մերկ ատրճանակը» կատակերգության գլխավոր դերակատարներից մեկը։
Ռոբերտ Գասպարյան