«Ինտերի» նախկին պաշտպան Ռիկարդո Ֆերին պատմել է, թե ինչպես է Իտալիան պայքարում կորոնավիրուսի դեմ.
«Ես ապրում եմ Լոդիում՝ երկրի «կարմիր գոտիներից» մեկում: Սեփական աչքերով եմ հետևում արտակարգ իրավիճակի զարգացումներին: 3 րոպեն մեկ շտապ օգնության մեքենա է անցնում: Դատելով տեղեկություններից, որ կարողացել եմ ստանալ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ Լոդիի հիվանդանոցում վերջացել են մահճակալները:
Ես մի քանի ընկեր եմ կորցրել, մյուսները հիմա գտնվում են հիվանդանոցում: Ընկերներիցս մեկը, որը 50 տարեկան է, հոսպիտալացվել է հազով, գրիպի ախտանշաններով, նրան չի հերիքում օդը: Նա վերջերս է կորցրել հորը՝ դարձյալ կորոնավիրուսի պատճառով, ու իր թեստի պատասխանն էլ դրական է: Այսօր ընկերոջս վիճակն ավելի լավ է, բայց նա դեռ հիվանդանոցում է»,- ասել է 56-ամյա Ֆերին TMW ռադիոկայանի եթերում, փոխանցում է Football Italia-ն:
Ֆերին 1981-ից 1994 թվականներին է հանդես եկել «Ինտերում»: Նա 1988-89 թվականներին նվաճել է սկուդետոն, իսկ 1991 և 1994 թվականներին՝ ՈւԵՖԱ-ի Գավաթը: