«Նապոլիի» կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն այս ամառ հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։
Նրա պայմանագրում առկա է տրանսֆերի՝ 52-53 միլիոն եվրոյի փոխհատուցման տարբերակ (կլաուսուլա), որը կակտիվանա այս ամառ, հայտնում է Footmercato-ն:
Պայմանագրում կլաուսուլայի կետի առկայությունը ենթադրում է, որ ցանկացած ակումբ, որը պատրաստ է փոխհատուցել այդ գումարը, կկարողանա ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իհարկե, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա տեղափոխվել տվյալ ակումբ։ Կա մեկ նյուանս ևս․ այդ տարբերակն ակտիվ կլինի միայն երկու շաբաթ, եթե որևէ ակումբ այդ ժամանակահատվածում չձևակերպի ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա հետագայում ստիպված կլինի բանակցել արդեն իտալական ակումբի հետ այլ գումարի շուրջ (իսկ «Նապոլին», բնականաբար, ավելի շատ գումար կպահանջի)։
Աղբյուրի համաձայն՝ ստեղծված իրավիճակից պատրաստ է օգտվել ՊՍԺ-ն, որը հետաքրքրություն է ցուցաբերում կորեացու նկատմամբ։
Պաշտպանը «Նապոլիում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն, ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։