Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լուդոգորեցին» ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հատկանշական է՝ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել բուլղարական թիմի ֆուտբոլիստները.26-րդ րոպեին Օլիվերա Սոուզան է գրավել տանտերերի դարպասն ու բացել խաղի հաշիվը, սակայն 6 րոպե անց Քրիստիանո Բիրային խփել է պատասխան գնդակը: «Ինտերի» կազմում հաղթական գնդակը հեղինակել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 45+5-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Այսպիսով, «Ինտերն», որն առաջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ էր տարել, երկու խաղերի արդյունքում 4:1 հաշվով առավելության է հասնում «Լուդոգորեցի» նկատմամբ ու դուրս գալիս 1/8 եզրափակիչ:
Նշենք՝ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճում նաև Դոնեցկի «Շախտյորը», որն առաջին խաղում 2:1 հաշվով «Բենֆիկային» հաղթելուց հետո այսօր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը, «Կոպենհագենը», որը 3:1 հաշվով հաղթել է «Սելթիկին» (առաջին խաղը՝ 1:1) և «Խետաֆեն», որն առաջին խաղում «Այաքսին» 2:0 հաշվով հաղթելուց հետո, հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտություն է կրել, սակայն դուրս եկել հաջորդ փուլ: