Հայ ֆուտբոլասերը հասցրեց կարոտել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 3 ամիս անց վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Առաջնություն, որը ամենահետաքրքիրներից մեկն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Առաջնություն, որտեղ չեմպիոնության համար պայքարը չափազանց սուր է: Առաջնություն, որի ձևաչափը փոխվեց, ու այժմ լավագույն վեցնյակից դուրս գտնվող ակումբները համաձայն չեն նման ձևաչափի հետ:
15 տուր են խաղացել թիմերը, և առաջատարը 28 միավորով Վանաձորի «Լոռին» է: Ի դեպ, վանաձորյան ակումբն առաջատարությունը ստանձնեց միայն 15-րդ տուրում՝ հաղթելով «Արարատ-Արմենիային»: Կարծում եմ՝ այս արտահայտությունից հասկացաք, թե ինչ լարված է պայքարը: 2-4-րդ տեղերում գտնվող «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Արարատը» ունեն 27-ական միավոր: «Արարատը», որն առաջնությունը շատ լավ էր սկսել և երկար ժամանակ սավառնում էր ամենաբարձր հորիզոնակում, առաջին հատվածի վերջում թուլացրեց ուժերն ու հիմա մի քանի թիմերի հետ պայքարում է չեմպիոնության համար: Գյումրիի «Շիրակն» ունի 25 միավոր: Վարդան Բիչախչյանի թիմը վերջին 3 խաղում պարտություններ կրեց ու նահանջեց, այլապես Գյումրիի ներկայացուցիչը ավելի բարձր հորիզոնականում կլիներ հիմա: Լավագույն վեցնյակը եզրափակում է «Նոան»: Երևանյան թիմը առաջ է անցել «Փյունիկից», «Ուրարտուից» ու «Գանձասար-Կապանից»: Դե իսկ «Երևանի» մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է: Թիմն անլուրջ տպավորություն թողեց Բարձրագույն խմբում իր նորամուտի առաջնությունում: Փոխելով տարբեր մարզիչներ, խնդիրներ ունենալով ֆուտբոլիստների ու դատարանների հետ, ի վերջո, օրեր առաջ դիմել է ՀՖՖ և հայտնել, որ չի մասնակցելու առաջնության մնացած հատվածին: Կրկին կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ՝ ունենալով առաջնությունում կենտ թվով թիմ: Չնայած գոյություն չունեցող ինտրիգին, այնուամենայնիվ արդեն հիմա պարզ է, որ ինչքան էլ վատ ելույթ ունենան մնացած թիմերը, մյուս առաջնությանը իրավունք կունենան մասնակցելու, քանի որ անհաջողակը «Երևանն» է, որը ժամանակից շուտ հրաժեշտ տվեց ուժեղագույնների խմբին:

3 տուր է մնացել առաջին հատվածի ավարտին: 3 տուր հետո հայտնի կլինեն այն 6 թիմերը, որոնք կպայքարեն չեմպիոնության համար, իսկ մյուս 3-ը պարզապես կավարտեն առաջնությունը: Վեցյակում ապահովագրված տեղ ունի միայն «Ալաշկերտը», քանի որ թիմն այսօր, այս տուրի առաջին հանդիպումը պետք է անցկացներ «Երևանի» հետ, բայց «Երևանի»՝ առաջնությունից դուրս գալու հետ կապված, Արմեն Ադամյանի թիմը կստանա ևս 3 միավոր ու անձեռնմխելի կդառնա: Վեցյակից դուրս գնտվող թիմերից որոշ հնարավորություններ ունի Երևանի «Փյունիկը»: Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի համար սկզբունքային է նախավերջին՝ 17-րդ տուրում կայանալիք «Նոայի» դեմ հանդիպումը:
Ամեն ինչ շատ խառն է ու դժվար է գնահատական տալ կամ փորձել գտնել ֆավորիտներ:
Ձմեռային դադարի ժամանակ բոլոր թիմերն ուսումնամարզական հավաքներ անցկացրին՝ Հայաստանում, Թուրքիայում, Կիպրոսում, Սոչիում և նույնիսկ Պորտուգալիայում:
Այո՛, «Գանձասար-Կապանը» հենց Պորտուգալիայում հավաք անցկացրեց ու մի քանի խաղերում էլ հաղթեց խոշոր հաշիվներով, բայց այդ արդյունքներով, իհարկե, հնարավոր չէ գնահատական տալ թիմի վիճակին: Կապանյան թիմը մի քանի ձեռքբերումներ ունի: «Լոռիից» Կապան է տեղափոխվել Գրիգոր Աղեկյանը: Ֆուտբոլիստը կարող է մեծ օգուտ տալ հարձակմանը, եթե տան խաղալու հնարավորություն: Գրիգը բազմիցս ապացուցել է, որ երբ շանս է ստանում, օգտագործում է այն: Թիմին է միացել նաև Արամ Քոչարյանը, որը նույնպես մեծ պոտենցիալ ունի ու կարող է հիմնական կազմի խաղացող դառնալ, եթե չխանգարեն վնասվածքները: Մյուս տրանսֆերների արդյունքները նկատելի կլինեն առաջնության առաջիկա տուրերի ընթացքում: Թիմն արդեն չի կարող պայքարել լավագույն վեցյակում տեղ զբաղեցնելու համար ու կկենտրոնանա գավաթի խաղարկության վրա:

«Ուրարտուն» ևս շատ ակտիվ էր տրանսֆերային շուկայում: Թիմի գլխավոր ձեռքբերումը թերևս Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր: Թիմից հեռացավ Արամ Հայրապետյանն ու նրան փոխարինեց Բեգլարյանը: Տոբոև, Կարդոսո, Օսիպով… Նրանք էլ իրենց կներկայացնեն առաջիկա խաղերում: «Ուրարտուի» գլխավոր նպատակն այս պահին գավաթի խաղարկությունն է:
Գյումրիի «Շիրակը» ակտիվ չէր տրանսֆերային շուկայում, ինչպես միշտ: Բիչախչյանը երբեք չի դժգոհում քիչ տրանսֆերներից, այլ լուռ փորձում է ունեցածից քաղել առավելագույնը: Թիմին միացել են Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Մանոյանը Հայաստանի ամենահեռանկարային խաղացողներից էր, սակայն նրա կարիերայում վնասվածքները խփած գոլերին գերազանցում են: Հարձակման գծում ևս կա համալրում՝ ի դեմս «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչի: Վարդան Արզոյանը նույնպես միացել է Գյումրիի թիմին:
Երևանի «Ալաշկերտը» հավաք անցկացրեց Բելեկում: Թիմից հեռացավ մարզիչ Արամ Ոսկանյանը: Վերջինս գլխավորեց ղազախական «Ատիրաու» ակումբը: Թիմին միացան Պապե Կամարան, մակեդոնացի պաշտպան Միտրևսկին, Դավիդ Գատիկոևը, «Լոռիից» Սանդեյը: Հայ ֆուտբոլասերին ծանոթ են Կամարան ու Սանդեյը: Դժվար է ասել, թե ինչ ֆուտբոլ կցուցադրեն նրանք «Ալաշկերտում», բայց գործող գավաթակիրը միշտ էլ չեմպիոնության հավականորդների թվում է:

Երևանի «Փյունիկը» նույնպես համալրումներ ունեցավ: Ակումբին միացել են Գայը, Մալյական, Օման, Էրիկ Ազիզյանն ու Սուգրոբովը: Չնայած այս տրանսֆերներից, թիմում աստղային խաղացողները շատ են ու «Փյունիկը» Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ պետք է ամեն ինչ անի նախ վեցյակում տեղ զբաղեցնելու, հետո չեմպիոնության համար պայքարելու համար:

Երևանի «Նոան» շարունակում է իր հավակնոտ պլաններով շարժվել առաջ: Թիմը դեռ կայացման փուլում է, բայց շատ վստահելի տեսք ունի ու նրան վեցյակից դուրս հանելը այնքան էլ հեշտ չի լինի: Թիմին են միացել պորտուգալացի կիսապաշտպան Էլիստանո Մանգայը, Դանու Սպատարուն, Ռոկաս Կրուշնաուսկասը, Էդուարդս Էմսիսը: Թիմի կազմը բավական թարմացվել է, բայց առաջատարները չեն հեռացել ու պատրաստվում են պայքարել չեմպիոնության համար:
Երևանի «Արարատը» նույնպես արտասահմանյան հավաք անցկացրեց: Հավաքի ընթացքում թիմը խաղաց նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ: Թիմին է միացել ռուս դարպասապահ Կոբոզևը: Ակումբում է նաև բրազիլացի պաշտպան Ռաֆայել Էնրիկեն: Չնայած, որ տրանսֆերները շատ չեն, բայց թիմի հիմնական կորիզը պահպանվել է, և կարելի է վստահ ասել, որ «Արարատը» կշարունակի տոն տալ այս առաջնությանը:
Ընթացիկ առաջնության առաջատար «Լոռին» ամենաակտիվն էր տրանսֆերային շուկայում: Թիմի կազմը համալրեցին մի շարք խաղացողներ: Հեռացողները, նույնպես, քիչ չէին: Թիմում կազմի առումով մեծ փոփոխություն է կատարվել, և թե ինչ վիճակում է այժմ վանաձորյան ակումբը, կտեսնենք առաջիկա խաղերում:
Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մի քանի հետաքրքիր տրանսֆեր կատարեց: Թիմին միացավ անգլիական Պրեմիեր Լիգայում խաղալու հարուստ փորձ ունեցող 33-ամյա Յոհան Գուֆրանը: Թիմում է նաև ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, ինչպես նաև հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն: Թիմը նաև կորուստներ ունի՝ ի դեմս Պետրոս Ավետիսյանի ու Գեորգի Պաշովի: Երկուսն էլ կարիերան շարունակում են Ղազախստանի առաջնությունում: Թիմում կլիներ նաև ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելին, սակայն վնասվածքը թույլ չտվեց: Արդեն պարզ է, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոնության հիմնական հավակնորդներից է:
Այսքանը. մեզ մնում է սպասել, համենայնդեպս, մեզ համար ամենահետաքրքիր առաջնություններից մեկի վերսկսմանը: Չէ՞ որ, ի վերջո, այն մեր առաջնությունն է:
Արմեն Գարամյան