«Յուվենտուսը» մտադիր է ամռանը բաժանվել 5 ֆուտբոլիստներից՝ ակումբի ծախսերը կրճատելու համար։
Մեծ է հավանականությունը, որ թիմից միավորներ հանելուց հետո «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Չեմպիոնների լիգային։ Արդյունքում եկամուտների կորստի պատճառով ակումբը ստիպված կլինի նվազեցնել ֆուտբոլիստների համար նախատեսված ծախսերը:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, իտալական ակումբը չի երկարաձգի պայմանագրերը Ադրիեն Ռաբյոյի, Ալեքս Սանդրոյի, Խուան Կաուդրադոյի, Լեանդրո Պարեդեսի (հանդես է գալիս վարձավճարով՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ) և Անխել դի Մարիայի հետ։ Դրա շնորհիվ «Յուվենտուսը» կտնտեսի մոտ 70 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը «Յուվենտուսի» հետ նախատեսված են մինչև 2023 թվականի ամառ։