«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ամեն ամիս ֆինանսավորում է տարբեր երկրների երեխաների վիրահատությունների համար. հունվարին նա 19 երեխայի է օգնել Ուգանդայում, իսկ հաջորդ կանգառը դարձել է Հնդկաստանը, որտեղ Օզիլը 23 երեխայի կենսական վիրահատության համար է վճարել:
Another 23 life-changing surgeries done ✔ Check out this report about the progress @BigShoe_11 is making in Bangalore, India on my YouTube channel 🇮🇳 Thanks again to everyone supporting this project! ❤ https://t.co/J57LXOsLt8
— Mesut Özil (@MesutOzil1088) February 21, 2020
Մեսութը սա անում է բարեգործական Big Shoe ընկերության հետ համատեղ, որի հետ արդեն երկար տարին է` համագործակցում է: Մեսութի մայրն ասում է` նա պարտավոր է օգնել մարդկանց.
«Մեսութ, մի մոռացիր, որ դու հյուր ես այս աշխարհում, ինչպես մենք բոլորս: Աստված քեզ տաղանդ է շնորհել, բայց դա պարզապես չի արել քո մասին հոգ տանելու համար: Եթե դու քո հարստությունը չես կիսում կարիքավորների հետ, դու իմ տղան չես»,- այպիսի ուղերձ էր Օզիլին հղել իր մայրը նրա` «Արսենալ» տեղափոխությունից հետո, ու այս գրությունը կախված է ֆուտբոլիստի տան խոհանոցի պատից:
Ամեն ինչ սկսվել է ԱԱ-204-ից: Այն ժամանակ Օզիլը մրցաշարում հաղթանակի համար ստացած հոնորարը` մոտ 240 հազար ֆունտ, նվիրաբերել էր բրազիլացի երեխաներին. «Աշխարհի Գավաթից առաջ ես վճարեցի 11 հիվանդ երեխաների վիրահատության համար: ԱԱ-ում հաղթանակից հետո ես դա կանեմ 23 երեխայի համար: Սա իմ երախտագիտությունը կլինի բրազիլացի ազգին` հյուրընկալության համար»:
Անցած տարվա ամռանը ֆուտբոլիստն ամուսնացավ ու խոստացավ, որ 1000 երեխայի վիրահատության համար կվճարի: Հարսանեկան նվերը ևս իր մեջ ներառում էր Թուրքիայում ու Սիրիայում 100 հազար փախստականների ու անօթևանների համար սնունդ:
«Որպես ֆուտբոլիստ` իմ բախտը բերել է, ես առավելություններ ունեմ: Այդ իսկ պատճառով կինս` Ամինեն, ու ես ամբողջ աշխարհում 1000 երեխայի վիրահատության համար կվճարենք»,— այն ժամանակ ասաց Օզիլը:
Դեկտեմբերին Մեսութը կիսվեց առաջին արդյունքների մասին տեղեկությամբ.
«Արդեն 219 վիրահատություն է արվել, բայց մեզ դեռ շատ բան է սպասվում: Շնորհակալ եմ հարսանիքիս յուրաքանչյուր հյուրին, երկրպագուներին, ովքեր նվիրատվություն են կատարել այս նախագծի համար, ու առանձնահատուկ շնորհակալություն բոլոր միջազգային բժիշկներին, ովքեր մասնակցում են այս նախաձեռնությանը: Սա միայն սկիզբն է: Եկեք նայենք 2020 թվականին ու միասին օգնենք կարիքավոր երեխաներին»,- գրել էր ֆուտբոլիստը:
Հնդկաստանում ու Ուգանդայում վիրահատությունները նախագծի մի մասն են կազմում, բայց սա միայն շատ քիչ տոկոսն է այն ամենի, որն անում է Օզիլը կարիքավորների համար: Ֆուտբոլիստը նաև աշխատում է Rays of Sunshine մանկական բարեգործական կազմակերպության het:
«Էմիեյթսում» նրա 15 VIP տեղերից 5-ը միշտ գրանցված են բարեգործության համար: Օրինակ, այս կիրակի նա իրականացրել է «Արսենալի» հիվանդ երկրպագուի երազանքը: Ֆուտբոլիստը «Էվերթոնի» հետ խաղին հրավիրել է 17-ամյա Ջեյք Լիին, որը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ: Տղայի հիվանդությունն ախտորոշվել է 2019թ.-ի հունվարին, ու այդ ժամանակներից ի վեր նա վիրահատությունների ու քիմիոթերապիաների է ենթարկվում:


Բացի VIP-գոտուց խաղը դիտելը, Ամինեն Ջեյքին Օզիլի մարզաշապիկն է նվիրել` վերջինիս ստորագորւթյամբ.
«Ջեյքն ապրում ու շնչում է ֆուտբոլով: Ամեն ինչ գերազանցեց մեր սպասելիքները: Մենք հիանալի օր ունեցանք: Ջեյքն աշխարհի ամենաերջանիկ մարդն էր, իսկ Օզիլի ընտանիքն այնքան ջերմ ու բարի էր մեր հանդեպ: Շնորհակալ ենք անմոռանալի օրվա համար»,- պատմել է տղայի մայրը:
Հիշեցնենք` Օզիլն «Արսենալի» կազմում մասնակցել է գրեթե ամբողջ խաղին ու օգնել լոնդոնցիներին հաղթել «Էվերթոնին» (3:2):