«Չելսիի» նախկին մարզիչ Անդրե Վիլաս-Բոաշը հայտնել է, որ լոնդոնյան ակումբում իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել պայմանագիր կնքել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, որն այդ ժամանակ խաղում էր «Տոտենհեմում»: Պորտուգալացի մասնագետը «Չելսին» գլխավորել է 2011 թվականի ամռանը։
«Այդ մրցաշրջանի սկզբում մենք չկարողացանք պայմանագիր կնքել Մոդրիչի հետ։ Որպես այլընտրանք՝ մենք ընտրեցինք Ժոաո Մոուտինյոյին։ Դա խոստացել էր Ռոման Աբրամովիչը։
Ինձ թվում էր, որ Մոդրիչի գործարքը գրեթե ավարտված է, բայց մեկ տարի անց նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Իսկ Մոուտինյոյի տեղափոխությունը «Պորտուից» բարդացավ նրանով, որ պաշտպան Ալվարո Պերեյրայի տրանսֆերը «Չելսի» չկայացավ։
Աբրամովիչը զայրացած էր, քանի որ չկարողացանք ձեռք բերել ո՛չ Մոդրիչին, ո՛չ Մոուտինյոյին։ Ռադամել Ֆալկաոն նույնպես մեր ցանկում էր, բայց այն ժամանակ մենք չէինք բաժանվել Դրոգբայից։ Մարինա Գրանովսկայան էլ ցանկանում էր պայմանագիր կնքել Կառլոս Տևեսի հետ, բայց հետո նա հրաժարվեց այս մտքից»,- Վիլաշ-Բոաշի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։