«Չելսին» ցանկանում է, որ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջիկա 2 մրցաշրջաններն անցկացնի «Ինտերում»։
The Telegraph-ը հայտնում է, որ հարձակվողին հնարավորություն կտան երկրորդ տարին էլ մնալ իտալական ակումբում, եթե նա հաջող ելույթներ ունենա առաջիկա մրցաշրջանում։
«Չելսին» արդեն առաջարկել է Լուկակուին մնալ «Ինտերում» այն նույն պայմաններով, որոնք համաձայնեցվել էին այս ամառ։ Եթե իտալացիները համաձայնեն, ապա լոնդոնյան ակումբը շուրջ 8,2 մլն եվրո կստանա՝ որպես վարձակալության գումար։
Երկու ակումբներում հույս ունեն, որ Իտալիայում երկու տարվա վարձակալությունից հետո «Ինտերը» ֆինանսական միջոցներ կունենա Ռոմելուի տրանսֆերը գնելու համար։ Վարձակալությունը թույլ է տալիս, որ «Չելսին» կարողանա տնտեսել ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում․ այն շաբաթական 325 հազար ֆունտ է կազմում, շուրջ 382 հազար եվրո։
Հաղորդվում էր, որ «Ինտերն» ու «Չելսին» արդեն սկզբունքային համաձայնություն ունեն բելգիացու երկրորդ վարձակալության վերաբերյալ։
Լուկակուն «Չելսիում» մեկ մրցաշրջան է անցկացրել «Ինտերից» 115 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելուց հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։