«Հայերե՞ն, հաստա՞տ». մարզական լրագրողները խոսովանում են` հենց այսպիսին է եղել արձագանքը, երբ իմացել են «Նյումեգի»`սպորտային գրականություն ստեղծելու արշավի մասին:
«Ռոնալդու. կատարելության տենչով», «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը, «Նեյմար», «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում / Տիգրան Պետրոսյան» , «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը / Յուրի Ջորկաեֆ» և «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» գրքերը «Նյումեգ» հրատարակչությունը թարգմանեց ու ներկայացրեց վերջին 2 տարվա ընթացքում, ինչի շուրջ էլ փետրվարի 10-ին քննարկում էր կազմակերպել «Զանգակ» գրատանը` մարզական լրագրողներ Գրիգոր Ավետիսյանի, Վարվառա Հայրապետյանի, Նարե Հովհաննիսյանի և թարգմանչուհի Լիանա Զաքարյանի մասնակցությամբ:
«Շատ ողջունելի էր, որ վերջապես ունենալու էինք հայերեն սպորտային գրականություն, ինչը շատ կարևոր էր: Այստեղ մեծ նշանակություն ուներ նաև թարգմանությունը: Հայերենը շատ գեղեցիկ ու հարուստ լեզու է, բայց մասնագիտական, առավել ևս սպորտային թարգմանության առումով հաճախ բարդություններ են լինում: Գրքերը հաջողված են նաև այս տեսանկյունից»,- ասում է ArmSport-ի լրագրող Նարե Հովհաննիսյանը:

Թարգմանչուհի Լիանա Զաքարյանը խոստովանում է` գրքերը թարգմանելիս ստիպված է եղել ֆուտբոլիստների մասնակցությամբ մի շարք հանդիպումներ դիտել, ու նաև Մոհամեդ Ալիի մասնակցությամբ մենամարտեր.
«Ոչ միայն սպորտային, այլև ցանկացած գիրք թարգմանելիս թեման պետք է շատ լավ հասկանաս: Լավ թարգմանական տեքստ ստանալու համար բավարար չէ իմանալ ելակետային ու թիրախ լեզուները: Դրա համար պետք է բովանդակությանը շատ լավ տիրապետես: Ֆուտբոլային գրքերում խաղի շատ նկարագրություններ կան, ու դրանք լավ վերարտադրելու համար ստիպված էի հանդիպումներ դիտել: Անհնար է պատկերավոր նկարագարել, եթե չես հասկանում` ինչի մասին է խոսքը, անկախ նրանից`լեզվին որքան լավ ես տիրապետում: Ալիի դեպքում էլ մենամարտերն եմ նայել: Սկզում ստիպված, հետո արդեն մեծ հաճույքով եմ նայել բոլոր այն մենամարտերը, որոնց մասին գրքում խոսվում է:

Մինչ այս սպորտային բովանդակությամբ ընդամենը մեկ գիրք է եղել, ու չկար որևէ տեղ, որտեղ կարելի էր ստուգել եզրույթները, տերմինները: Դրանք քննարկել եմ սպորտային լրագրողների, մասնագետների հետ»,- ասում է Լիանա Զաքարյանը:
Լիանա Զաքարյանի խոսքով, ռիսկային էր այդ ամենը հայերեն ներկայացնելը, քանի որ չգիտես` ինչպես այն կընդունվի:
Այդուհանդերձ, ամենակարևոր հարցերից մեկը, որ թերևս կառաջանա շատերի մոտ, ինչո՞ւ կարդալ սպորտային ինքնակենսագրականներ և ի՞նչ սովորել.
«Պարտադիր կարդալ: Անգամ եթե սպորտային երկրպագու չես: Բոլորս հետևում ենք Մեսսիի, Ռոնալդուի և մյուսների կարիերային, ու այն փառքին, որին նրանք այսօր հասել են, բայց քչերին է հայտնի այն ճանապարհը, որով նրանք անցել են` այսպիսի հաջողություններ ունենալու ճանապարհին:

Ընտրված են այնպիսի հերոսներ, որոնք չունենալով ոչինչ` միայն տաղանդի, և որ ավելի կարևոր է`աշխատասիրության շնորհիվ հասել են իրենց երազանքներին, երբեք չեն հանձնվել, չեն դադարել պայքարել: Այս առումով Ռոնալդուի, Մեսսիի գրքերը շատ ուսուցողական են և մոտիվացնող»,- ասում է Նարե Հովհաննիսյանը:
«Ես սուրբ չեմ, սակայն սատանա էլ չեմ»,- այս խոսքերը Ռոնալդուի գրքից դուրս է բերել Արմենպրես-ի մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը.

«Ռոնալդուին չեմ սիրում, անկեղծ, բայց սիրում եմ նրա աշխատասիրությունը: Այս գրքում բացահայտեցի, որ իր աշխատասիրությունը եռակի, քառակի անգամ ավելի շատ էր ինչ-որ բանի հասնելու համար: Որովհետև տղան, որ Մադեյրայից էր, աղքատ էր, ուներ մեծ երազանք, չկանգնեց ոչնչի առաջ ու գնաց մինչև վերջ»,- ասում է Վարվառան:
Գրիգոր Ավետիսյանի խոսքով էլ, Մեսսիի, Ռոնալդուի և Նեյմարի մասին գրքերի հեղինակի` Լուկա Կայոլիի ձեռագրում իր համար շատ կարևոր էր այն փաստը, որ անվանի լրագրողը պարզապես չէր ֆիքսվել թվերի ու վիճակագրության վրա.
«Սովորաբար ասում են` սպորտը վիճակագրություն է, որտեղ մի թիմը մյուսին հաղթեց օրինակ 3:0 հաշվով, այս ֆուտբոլիստը խփեց այսքան գոլ, վաստակեց այսքան միավոր և այլն: Թվում է`այս ամենը խմբագրել ու ավելի լավ նկարագրել չի կարելի, բայց լրագրողական առումով Կայոլին արել էր այն, ինչ պարտավոր էր անել տասնամյակների փորձ ունեցող սպորտային լրագրողը: Շատ հետաքրքիր էին այն հարցազրույցները, որոնք նա արել էր ֆուտբոլիստների ամենամոտ մարդկանց հետ»,- ասում է Ավետիսյանը:

«Նյումեգի» թարգմանած ու հրատարակած սպորտային գրքերից երկուսը` «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» և «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում», ինչպես արդեն հասկանալի է, վերաբերում են հայազգի մարզիկներին` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին համապատասխանաբար: Վերջինս, լրագրող Վարվառա Հայրապետյանի խոսքով, խիստ մասնագիտական է.
«Ո՞ւմ է պետք կարդալ Տիգրան Պետրոսյանի գիրքը. կարծում եմ` սկսնակ շախմատիստները, ովքեր դեռ կարգ լրացնելու խնդիր ունեն, անպայման պետք է ընթերցեն այս գիրքը: Բայց գրքի մեջ կա մի նուրբ թել, որ Պետրոսյանը տանում է թե’ պարտիաների ընթացքում, թե’ իր կյանքի մասին պատմելիս, թե’ հումորի մասին: Այս գիրքը շատ մասնագիտական է: Առաջին հերթին սկսնակ շախմատիստները պետք է կարդան, բայց նաև իրենց մոտ ունենան գրոսմայստերները: Մենք ևս ցանկալի է`հաճախ վերընթերցենք, քանի որ պարտիաների վերլուծությունը շատ նրբություններ ունի, որ մենք երբեմն չենք նկատում դրանք դիտելիս»,- ասում է նա:
Գրիգոր Ավետիսյանը նշեց, որ առաջիկայում «Նյումեգն» իր ընթերցողների դատին կներկայացնի «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին պատմող գիրքը, բայց դրանով չի սահմանափակվի:
2020 թվականի ընթացքում հրատարակչությունը կշարունակի ձևավորված գեղեցիկ ավանդույթը, կներկայացնի բեսթսելլերներ ինչպես սպորտային, այնպես էլ` այլ թեմաներով:
