Ուելսի հավաքականի հարձակվող և ավագ Գարեթ Բեյլը Ուկրաինայի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակն անվանել է Ուելսի ֆուտբոլի պատմության մեծագույն արդյունքը և խոստովանել է, որ խաղից առաջ գործնականում չի մարզվել։
«Սա մեծագույն արդյունքն է ուելսյան ֆուտբոլի պատմության մեջ։ Մենք բոլորս հիացած ենք։ Նման հանդիպումներն այն են, ինչի մասին մենք երազում ենք, և ինչի համար գալիս ենք ֆուտբոլ։ Այս արդյունքը մեր հրաշալի երկրպագուների համար է։ Չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները։
Ես շատ չեմ մարզվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ մեջքի ցավի պատճառով: Ես խաղացի այնքան, որքան կարող էի: Ես բոլոր ուժերս ներդրեցի խաղադաշտում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Քարդիֆում երեկ կայացավ Ուելս-Ուկրաինա հանդիպումը (1-0)։ 35-րդ րոպեին Բեյլը տուգանային հրապարակ փոխանցում կատարեց, իսկ Անդրեյ Յարմոլենկոն անհաջող խաղաց՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը։
Ուելսը ԱԱ-2022-ի եզրափակիչ մրցաշարում կխաղա B խմբում՝ Անգլիայի, Իրանի և ԱՄՆ-ի հետ նույն քառյակում։ Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հաջորդ խաղը Ուելսը կանցկացնի Ազգերի լիգայում՝ հունիսի 8-ին սեփական հարկի տակ հյուրընկալելով Նիդեռլանդներին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ուելսի հավաքականի հաղթանակը գնահատում է 6,00 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ Նիդեռլանդների հավաքականի հաղթանակը՝ 1,60։