2004 թ․ Աթենքի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը հայկական անձնագիր է ստացել ու այսուհետ կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը․
«Շատ ուրախ եմ, որ ինձ ձեր հավաքականում ընդունեցիք։ Շնորհակալ եմ, ու շատ հպարտ։ Գիտեմ՝ շատ հարցեր կլինեն իմ տարիքի ու այն մասին, որ երկար ժամանակ մրցաշարերի չեմ մասնակցել, բայց պետք է ասեմ, որ այս ընթացքում պահել եմ մարզավիճակս, շատ լավ եմ տրամադրված ու լավ մարզավիճակում եմ գտնվում։

Շատ ուրախ եմ, որ հենց այս հավաքականում եմ հայտնվել։ Շնորհակալ եմ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, մարզիչներին ինձ վստահելու և հավատալու համար։ Գիտեմ, որ ռիսկը մեծ էր, բայց շնորհակալ եմ, որ ինձ հավատացիք։Կփորձեմ արդարացնել մարզչական շտաբի սպասելիքները՝ կապված այս տարվա հետ։
Հիմնական նպատակն Օլիմպիական խաղերն են, երիտասարդ թիմ է, կարծում եմ՝ բոլորս միասին լավ կպատրաստվենք ու ամեն ինչ կանենք բարձր մակարդակում հանդես գալու համար։ Ամեն ինչ կանեմ օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասաց օլիմպիական չեմպիոնն ու ստացավ Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ընդգծում է՝ փորձառու Գացալովը շատ մեծ օգուտ կտա մեր հավաքականին․
«Գացալովը նույնիսկ այս տարիքում շատ մեծ օգուտ կտա մեր հավաքականին, քանի որ նախ մենք կաղում ենք այդ քաշային կարգում, և հետո՝ այն, որ նրա կարգի մարզիկը մարզվելու է մեր տղաների հետ, դա արդեն իսկ շատ մեծ բան է։ Մարզիկներ ունենք, որ Գացալովին միայն հեռուստացույցով կամ նկարներով են տեսել, բայց այսօր արդեն հնարավորություն կունենան նրա հետ մարզվելու։ Իսկապես դա մեծ օգուտ կտա։

Աստված տա՝ նա մեր երկրին օլիմպիական վարկանիշ ու մեդալ բերի, բայց մեծ օգուտ կտա նաև նրա հետ մարզվելը։ Օրինակ, հունահռոմեական ըմբիշների համար որքան լավ է, որ երիտասարդները կարող են մարզվել Արթուր Ալեքսանյանի կողքին, ոգևորվել ու մոտիվացվել։ Նույնն էլ Գացալովի դեպքում» ,- ասում է ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ անձամբ Գացալովը ոչ մի գումար չի ստացել այս տեղափոխության համար․
«Գացալովի հետ պայմանագիր չկա։ Նա ոչ մի գումար չի ստացել։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ապահովեց նրա անձնագիր ստանալու հարցը առանց որևէ խնդրի։ Գացալովի համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միայն 10 հազար շվեյցարական ֆրանկ է մուծել միջազգային ֆեդերացիային։ Դա է գումարը։ Իսկ անձամբ Գացալովը ոչ մի գումար չի ստացել ու չի ստանալու։ Նման պայմանավորվածություն չկա»,- ասաց Արայիկ Բաղդադյանը։

Ռուսաստանի հավաքականի նախկին ըմբիշը Հայաստանը կներկայացնի 97 կգ քաշային կարգում: Նա բաց կթողնի Եվրոպայի առաջիկա առաջնությունը, բայց փետրվարի 21-ից 24-ը Խարկովում միջազգային մրցաշարի կմասնակցի, իսկ Գացալովի առաջին պաշտոնական մրցաշարը կլինի Բուապեշտում մարտի 19-22-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարը։
