Կա ընդունված կարծիք, որ պրոֆեսիոնալ մարզիկները սկսում են իրենց կարիերան դեռ մանկուց, ու շատ հաճախ այդպես էլ կա։ Նրանցից շատերին դեռ վաղ տարիքից հետևում են սկաուտները: Մինչև պրոֆեսիոնալներ դառնալը, սպորտի ապագա աստղերը կատարելագործվում են մարզիչների հետևողական հսկողության տակ։ Բայց, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ սպորտում կան բացառություններ։ Այն մարդկանցից մի քանիսը, ում մենք ճանաչում ենք որպես իրենց ոլորտի լավագույնների, սպոտում հայտնվել են արդեն ավելի հասուն տարիքում։ Բացի այդ, պատմության մեջ կան նաև այնպիսի դեպքեր, երբ մարզիկների տաղանդը իրապես բացահայտվել է սպորտում ունեցած պրոֆեսիոնալ կարիերայից տարիներ հետո։
Մենք այսօր անդրադառնալու ենք չորս հայտնի մարզիկների, որոնց փառահեղ կարիերան սկսվել է ավելի ուշ քան իրենց կոլեգաներինը։ Նրանց օրինակը ևս մեկ անգա ապացուցում է, որ չկա ունիվերսալ միջոց սպորտում հաջողություններ գրանցելու համար։ Ամենակարևորը՝ սկսելու համար երբեք էլ ուշ չէ։
Դիդյե Դրոգբա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծամասնությունը սկսում են խաղալ դեռ մանուկ հասակից, բայց «Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբան մինչև 15 տարեկանը գրեթե ֆուտբոլ խաղալու փորձ չուներ։ Երբ նա վերջապես սկսեց ֆուտբոլով զբաղվել, նրա պարապմունքները դարձյալ սիստեմատիկ չէին՝ իրար հաջորդող բազմաթիվ վնասվածքների հետևանքով։ Այդ իսկ պատճառով Դրոգբան կնքեց իր առաջին պայմանագիրը, երբ արդեն 21 տարեկան էր։
Դիդյեն ճանաչում ձեռք բերեց «Լե-Մանայից» «Գենգամ» տեղափոխվելուց հետո։ Այդ ժամանակ նա երկրորդ մրցաշրջանում 34 խաղերի ընթացքում դարձավ 17 գոլի հեղինակ ու օգնեց դրանից մեկ տարի առաջ Ֆրանսիական Լիգա 1-ում գոյության պայքար մղող ակումբին զբաղեցնել ռեկորդային յոթերորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ մրցաշրջանում Դրոգբան տեղափոխվեց «Մարսել» ու 35 խաղերի ընթացքում դառնալով 19 գոլի հեղինակ, նվաճեց չեմպիոնատի լավագույն խաղացողի տիտղոսը։
Դրոգբան 2004 թվականին տեղափոխվեց «Չելսի», որտեղ անցկացրեց իր կարիերայի լավագույն տարիները։ Ութ տարվա ընթացքում Դիդյե Դրոգբան հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, չորս անգամ արժանացել Անգլիայի գավաթին, երկու անգամ «Ոսկե Մարզակոշիկ» մրցանակին և նվաճել Չեմպիոննորի Լիգայի գլխավոր գավաթը։ Դրոգբան զբաղեցնում է 4 -րդ տեղը «Չելսիի» կողմից արված գոլերի քանակով։
Թիմ Դանկան

«Սան Անտոնիո Սփերսի» կազմում NBA-ի հնգակի չեմպիոն Թիմ Դանկանը ծնվել է Վիրջինյան կղզիներում։ Նա մանկուց զբաղվել է լողով, հաղթել բազմաթիվ մրցույթներում ու իր առաջ նպատակ դրել մասնակցել Բարսելոնայում կայանալիք 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Բայց նրա ծրագրերին խանգարեց «Հյուգո» փոթորիկը, որը 1989 թվականին քանդեց կղզիների միակ 50 մետրանոց լողավազանը։ Այդ ժամանակ Դանկանը 13 տարեկան էր։ Լողորդը ստիպված էր օվկիանոսում շարունակել պարապմունքները։ Բայց այնտեղ հաճախակի երևացող շնաձկների պատճառով Թիմը շուտով կորցրեց լողով զբաղվելու ցանկությունը։
Դրանից տարիներ անց, Թիմի աներորդին նրան խորհուրդ է տալիս ուժերը բասկետբոլում փորձել։ Չնայած նրան օգնում էր բարձր հասակը, միևնույնն է սկզբում Թիմը դժվարությամբ էր գլուխ հանում։ Բայց շուտով, Դանկանը սկսեց հաջողություններ գրանցել:
Թիմը շարունակեց իր կարիերան ԱՄՆ Ուեյք Ֆորեստի համալսարանի թիմի կազմում։ Համալսարանական չորս տարիներից հետո նա ընդգրկվում է «Սան Անտոնիո Սփերսի» կազմում, որտեղ էլ անցկացնում է NBA-ում իր ողջ կարիերան։ Դանկանը ավարտել է կարիերան 2016 թվականին, արդեն արժանացած լինելով NBA-ի չեմպիոնական 5 մատանիների և շատ այլ մրցանակների։
Նիկոլայ Վալուև

Նիկոլայ Վալուևը պատմության մեջ առաջին ռուս բռնցքամարտիկն է, ում հաջողվել է դառնալ աշխարհի չեմպիոն գերծանր քաշային կարգում։
Նրան է պատկանում աշխարհի ամենաբարձրահասակ և գերծանր չեմպիոնի ռեկորդը։ Վալուևի հասակը 213 սմ է իսկ քաշը մոտ 150 կգ: Նիկոլայի ծնողները չէին էլ սպասում, որ իրենց որդին այդպիսի հսկա կդառնա: Ծննդատանը Վալուևի հասակը նորմայի սահմաններում էր՝ 52 սմ, բայց պարզվում է ժառանգականությունը խաղաց իր դերը, քանի որ ընտանիքում պատմում էին, որ Նիկոլայի նախապապը հսկա է եղել:
Մանկապարտեզում Նիկոլայը սկսեց արագորեն աճել ու շատ արագ առաջ անցավ իր հասակակիցներից։ Շուտով նաև շատ մարզիչներ սկսեցին ուշադրություն դարձնել նրա վրա։ Վալուևը սկսեց զբաղվել բասկետբոլով և բավականին լուրջ հաջողություններ գրանցեց։ Նիկոլայը բասկետբոլի մանկապատանեկան մրցույթում նույնիսկ երկրի չեմպիոն դարձավ։
Ժամանակի ընթացքում Նիկոլայը թողեց բասկետբոլը և դարձավ աթլետ։ Սկավառակի նետում սպորտաձևում Վալուևը ստացավ սպորտի վարպետի կոչում: Բայց այս սպորտում նույնպես երկար չմնաց։
Վալուևը ծանոթացել է բռնցքամարտի հետ 1993 թվականին, երբ արդեն 20 տարեկան էր։ Ի շնորհիվ տպավորիչ չափերի ու սիստեմատիկ սպորտային մարզումների արդեն 1993-ի հոկտեմբերին նա հանդես եկավ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այնուամենայնիվ, Նիկոլայը շարունակում էր միաժամանակ ելույթ ունենալ նաև սիրողական ռինգում:
Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու 10 տարիների ընթացքում Վալուևը մնաց անպարտելի, բայց նրա մրցակիցների մեջ չկային հայտնի մարտիկներ։
Խոշոր պրոմոութերները չէին հետաքրքրվում Նիկոլայով, քանի որ նրա հետ կապված մեծ հեռանկարներ չէին տեսնում։ Բայց 2004-ին նրան վերջապես նկատեցին գերմանական Sauerland Event լուրջ պրոմոութերական ընկերության ներկայացուցիչները, և արդեն 2005-ին Վալուևը նվաճեց գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին՝ միավորներով հաղթելով Ջոն Ռուիսին: Բռնցքամարտիկը կրեց իր առաջին պարտությունը 2007-ին և ժամանակավորապես կորցրեց իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սակայն մեկ տարի անց Նիկոլայը վերականգնեց չեմպիոնական գոտին: Վալուևն ավարտեց իր մասնագիտական կարիերան 2009 թվականին, Դեյվիդ Հեյի կողմից կրած պարտությունից հետո։
Մորենո Տորիչելլի

Տորիչելլիի պատմությունն իսկապես զարմանալի է և ֆիլմի սյուժե հիշեցնող ։ 22-ամյա իտալացի ատաղձագործն աշխատանքից ազատ ժամանակ գնդակ էր գլորում սիրողական «Կարատեզե» թիմի կազմում։ Եվ այսպես, նրա թիմը բախտի բերմամբ ընկերական խաղում հանդիպում է ճանաչված «Յուվենտուսի» հետ։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը նկատում է Տորիչելլիին և ակումբը գնում է նրան 40,000 դոլարով: Ուղղակի հեքիաթ:
Մորենո Տորիչելլին վեց մրցաշրջան անցկացրեց «Յուվենտուսի» կազմում (1992 – 1998 թթ), որի ընթացքում նա թիմի հետ երեք անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և Չեմպիոնների լիգան: Սպորտային հաջողություններից բացի, Մորենոյին հաջողվեց նաև ձեռք բերել երկրպագուների սերը: Երկրպագուները նրան անվանել են «Turbo Torricelli» ՝ իր հզոր արագության համար:
«Յուվենտուսից» հետո Մորենոն շարունակեց խաղալ բարձր մակարդակի վրա։ Նախ խաղաց իտալական «Ֆիորենտինում», այնուհետև իսպանական «Էսպանյոլում»: Ֆուտբոլիստն իր կարիերան ավարտեց իտալական «Արեցցոյում»: Իտալիայի հավաքականի կազմում Տորիչելլին մասնակցել է 1996 թվականի Եվրոպայի և 1998 թվականի Աշխարհի առաջնություններին։