ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ArmSport-ի հետ զրույցում պատմել է թիմի նախապատրաստական շրջանի մասին, ինչպես նաև ամփոփել է նախորդ տարին ու խոսել գարնանային հատվածի հետ կապված սպասելիքներից.
-Պարոն Նազարյան, ինչպե՞ս է ընթանում ԲԿՄԱ-ի նախապատրաստությունն առաջնության վերսկսմանը:
-Ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում, բայց հաշվի առնելով այն, որ 6 ֆուտբոլիստ զորակոչվել է բանակ ու թիմն արդեն 10 օր է` ամբողջ կազմով չի մարզվում , որոշակի խնդիրներ կան, բայց բանակային տարիք է, պետք է գնան, նորմալ է:
Հիմա կան ֆուտբոլիստներ` տարիքով ավելի փոքր, որոնք մեզ հետ մարզվում են, փորձում ենք քանակական առումով էլ մարզումը լիարժեք անել:
-«Նոայի» հետ երեկ անցկացրած ընկերական խաղն (3:4) ինչպե՞ս կմեկնաբանեք: Ի՞նչ ցույց տվեց այդ խաղը:
-Խաղում էինք շատ լավ թիմի դեմ: «Նոան» տակտիկապես շատ լավ, գրագետ թիմ է, լավ է վերահսկում գնդակը: Կարծում եմ` լավ խաղացինք, հաշվի առնելով մրցակցի ուժը, փորձը: Շատ դինամիկ խաղ ցուցադրեցինք, իհարկե մենք ավելի շատ պաշտպանվում էինք, բայց նաև լավ հակագրոհներ էինք անցկացնում ու երբեմն դիրքային գրոհներն էինք լավ կազմակերպում: Իրենց համար մեծ փորձ է ու ուրախալի է`ֆուտբոլիստները պրոգրեսիվ, դինամիկ աճ են գրանցում:

-Մինչև առաջնության վերսկսումը ուրիշ ի՞նչ խաղեր եք նախատեսում անցկացնել:
-Փետրվարի 10-ին խաղալու ենք «Վանի» հետ, փետրվարի 14-ին` «Սևանի», իսկ փետրվարի 21-ին`«Ալաշկերտ-2»-ի:
-Կհասցնե՞ք լիովին պատրաստ լինել առաջնության վերսկսմանը:
-Հուսով եվ` այո: Առաջիկայում մեզ կմիանան նաև վերոնշյալ 6 ֆուտբոլիստները, ու կարծում եմ`կհասցնենք լավ պատրաստվել:
-Առաջնության աշնանային հատվածն ինչպե՞ս կամփոփեք: Տարին ավարտեցիք 8-րդ տեղով`17 խաղից հետո 28 միավոր վաստակելով:
-Առաջնության մեկնարկից ընդամենը 7-10 օր առաջ թիմը հավաքվեց, շատ հապճեպ կազմավորվեցինք, ինչը շատ բարդ էր: Սկզբում 3-4, առավելագույնը 5 ֆուտբոլիստով էինք մարզվում, քանի որ բոլորը զորամասում էին գտնվում: Առաջնության առաջին հատվածում թե՛ արդյունքների թե ՛ խաղային որակի առումով առաջխաղացում ունեցանք, ու մտադիր ենք ամեն ինչ անել` գարնանն ավելի մեծ առաջընթաց կունենանք:Արդյունքների տեսանկյունից, բնական է, այս տարիքում կլինեն տատանումներ, բայց խաղային որակի առումով հուսով ենք`առաջընթաց կունենանք:
