«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ակումբի ղեկավարությանը խնդրել է նոր դարպասապահի գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ որպես փոխարինող իսպանացի Կեպա Արիսաբալագային, հայտնում է COPE-ը:
Անգլիական Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» հետ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով, Լեմպարդը Արիսաբալագային թողել է պահեստայինների նստարանին: Նրա փոխարեն լոնդոնյան թիմի դարպասը պաշտպանել է Վիլի Կաբալյերոն:

Աղբյուրի փոխանցմամբ, հավանական է, որ Արիսաբալագան ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Արիսաբալագան 24 հանդիպման է մասնակցել, որոնցում 32 գոլ է բաց թողել: Իսպանացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Նրա տրանսֆերի համար «Չելսին» 2018 թվականին 80 մլն եվրո է վճարել «Աթլետիկին»:
Այս պահին «Չելսին« Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 41 միավոր: