«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին՝ արդյոք ֆուտբոլիստները սկսել են ավելի քի՞չ հարգել մարզիչներին.
«Սա ոչ թե սպորտային, այլ սոցիալական հարց է: Տարբեր սերունդների միջև հարաբերությունները փոխվել են: Ես իմ հորը բոլորովին այլ հարգանքով էի վերաբերվում, քան իմ տղան՝ ինձ: Նույնն է նաև իմ՝ ուսուցիչների հանդեպ վերաբերմունքի պարագայում. ներկայիս ուսանողների մոտ ամեն ինչ այլ է:
Աշխարհը փոխվել է: Այն ոչ թե ավելի բարդ, այլ պարզապես ուրիշ է դարձել: Ներկայիս սերունդն ավելի քիչ հարգանք է տածում հեղինակությունների հանդեպ»,- ասել է 62-ամյա մասնագետը:
Նշենք՝ Իսպանիայի Գավաթի խաղարկության՝ «Ալկոյանոյի» դեմ երեկ կայացած խաղում «Ռեալի» 25-ամյա կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խաղավարտից 4 րոպե առաջ է դուրս եկել խաղադաշտ: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Սեբալյոսը զայրացել Անչելոտիի՝ այդքան ուշ փոխարինում կատարելու որոշումից: