Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի 10 ըմբիշով: Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում խոսել է մարզիկների ընտրության մասին՝ անդրադառնալով նաև առանձին քաշերին:
-Պարոն Սահակյան, ԵԱ-ին մեկնող կազմն ինչպե՞ս եք որոշել: Ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվել:
-Ընտրությունը կատարել ենք՝ հիմնականում հիմնվելով Հայաստանի առաջնության արդյունքների վրա, ինչպես նաև հաշվի է առնվել մարզչական խորհրդի որոշումը: ԵԱ-ից հետո արդեն հնարավոր կլինի բոլոր հարցերին պատասխանել:
-60 կգ քաշային Արմեն Մելիքյանը վնասվածք ուներ, բայց տեսնում ենք, որ արդեն մարզվում է: Ի՞նչն է պատճառը, որ նա չի ընդգրկվել ԵԱ-ին մեկնող կազմի մեջ:
-Մարզչական խորհուրդը որոշեց, որ պետք է մասնակցի Գևորգ Ղարիբյանը: Չեմ ասում, թե որևէ մեկը պատրաստ չէ, կամ հիվանդ է: Կարծում ենք՝ այս պահին ով ավելի պատրաստ է ու ում մասնակցությունը՝ ավելի հարմար է, նա էլ մեկնում է:
-Այդուհանդերձ, Արթուր Շահինյանի բացակայությունն ինչո՞վ կբացատրեք:
-Նա Հայաստանի առաջնությանը չի մասնակցել այդ քաշում (խմբ. — 87 կգ.) Մարզչական խորհուրդը որոշեց, որ ԵԱ-ին այդ քաշում պետք է մասնակցի Մաքսիմ Մանուկյանը: Հետագա քայլերը պարզ կլինեն Եվրոպայի առաջնությունից հետո:
-Մաքսիմ Մանուկյանի՝ Նիցի մրցաշարում մասնակցության մասին ի՞նչ կասեք: Գո՞հ եք:
— Ճիշտ է՝ այդքան էլ գոհ չէինք: Բայց Մաքսիմը պատահական ըմբիշ չէ: Հույս ունենք՝ Եվրոպայի առաջնությունում կարդարացնի մեր հույսերը:

-67 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Գալստյանը: Ինչո՞վ է պայմանավորված այն, որ այդ քաշային կարգում Եվրոպայի առաջնության է մեկնում Կարեն Ասլանյանը:
-Հաշվի առնելով այն, որ Կարեն Ասլանյանը Եվրոպայի մրցանակակիր է, որոշեցինք, որ ԵԱ-ին Կարենը պետք է մասնակցի: Այս պահին վստահեցինք Կարենին:
-Արթուր Ալեքսանյանի մարզավիճակի մասին ի՞նչ կասեք: Պատրա՞ստ է առաջիկա մրցումներին:
-Արթուրը հիմա իրեն ավելի վստահ է զգում: Հույս ունենք՝ իր լավ ավանդույթները պետք է շարունակի: Վնասվածքը արդեն կարծես թե չի խանգարում: Կարողանում է լիարժեք մարզումներ անցկացնել:
-Սահակ Հովհաննիսյանը մեծահասակների իր առաջին մրցաշարին կմասնակցի: Նրա մասին ի՞նչ կասեք:
-Սահակ Հովհաննիսյանը նախ Հայաստանի չեմպիոն է, ու երիտասարդների մեջ արդեն մեդալ ունի: Հույս ունենք՝ Եվրոպայի առաջնությունում լավ պայքար ստեղծի ու ինչու ոչ նաև մեդալ նվաճի:
