Վերջին 7 օրը տրանսֆերային շուկան համեմատաբար հագեցած չէր աստղային տեղափոխություններով, սակայն, մի քանի հետաքրքիր և նշանակալից ձեռքբերումներ գրանցվեցին։ Armsport․am-ը առաջարկում է ծանոթանալ վերջին շաբաթվա տրանսֆերային նորություններին համառոտ։
Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում»: 26-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայում լիարժեք բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Աստանայի» հետ:
Ռեյները՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

«Ռեալը» պաշտոնապես հայտնել է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյնիերին ձեռք բերելու մասին: 18-ամյա բրազիլացին «արքայական» ակումբի հետ մինչև 2026 թվականը պայմանագիր է ստորագրել:«Ռեալը» հեռանկարային ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո:
«Ինտերը» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսին

Միլանի «Ինտերը» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսին։ «Ներաձուրիները» վարձակալել են 29-ամյա նիգերիացուն հետագայում գնելու իրավունքով։ Ենթադրվում է, որ «Ինտերը» Մոզեսին կգնի 12 միլիոն եվրոյով։
Օլմոյի տրանսֆերային սագան ավարտվեց

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 21-ամյա կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ:
«Վիլյառեալի» հարձակվող Կարլ Տոկո Էկամբին տեղափոխվել է «Լիոն»:

Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի հետ վարձակալական հիմունքներով պայմանագիր է ստորագրել, հայտնում է L’Eqiupe-ը: Պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Լիոնը» ամռանը հնարավորություն կունենա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 15 միլիոն եվրոյով:
Դավիդ Յուրչենկոն տեղափոխվեց Ղազախստան

Կարագանդայի «Շախտյորը» պայմանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: 33-ամյա դարպասապահի վերջին ակումբը «Ենիսեյն» էր: Հիշեցնենք` Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգիոներ չեն համարվում:
Օդրիոսոլան՝ Մյունխենի «Բավարիայում»

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով կխաղա Մյունխենի «Բավարիայում»: Ալվարո Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայի 4 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Տոտենհեմի» նախկին գոլահար Ժերմեյն Դեֆոն վերջնականապես հեռացել է Անգլիայի Պրեմիեր լիգայից

37-ամյա հարձակվողը «Բորնմուտից» տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»: Դեֆոն 2019 թ-ի հունվարից վարձավճարով խաղում էր շոտլանդական թիմում: «Ռեյնջերսում» անցկացրած 34 խաղում Դեֆոն դարձել է 20 գոլի հեղինակ:
«Ատալանտայի» պաշտպանը տեղափոխվել է «Ռոմա»

«Ատալանտայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա»: 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրում կետ կա ֆուտբոլիստի տրանսֆերի պարտադիր գնման վերաբերյալ ՝որոշակի մարզական նվաճումներ գրանցելու դեպքում: Այդ դեպքում հռոմեացիները Իբանյեսի տրանսֆերը կգնեն 8 մլն եվրոյի դիմաց՝ գումարած 2 մլն եվրո որպես բոնուս:
15 մլն եվրո՝ զիմբաբվեցի հարձակվողի համար

Լիգա 2-ի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (20 խաղում 18 գոլ)՝ Տինո Կադևերեն, պաշտոնապես դարձել է «Լիոնի» ֆուտբոլիստ։ Զիմբաբվեցի 24-ամյա հարձակվողը «Հավրից» ֆրանսիական գրանդ է տեղափոխվել 15 մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը մինչ այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հավրում» և «Լիոնին» կմիանա արդեն ամռանը։
Վար Բաբայան