«Արարատ-Արմենիայի» 26-ամյա պորտուգալացի պաշտպան Անխելո Մենեսեսը record.pt-ին տված հարցազրույցում պատմել է երևանյան թիմ տեղափոխության, հայաստանյան կյանքի ու Պորտուգալիա չվերադառնալու ցանկության մասին.
«Ոչինչ չէի լսել Հայաստանի մասին նախքան տեղափոխվելս: Գիտեի միայն այդ երկրի անունը, ուրիշ ոչինչ: Սկզբում մի փոքր կասկածում էի, բայց հետո որոշեցի ընդունել այս մարտահրավերը: ZeroZero կայքում փորձեցի գտնել պորտուգալախոս մի խաղացողի, որը հանդես է եկել այդ ակումբում: Տեսա Ալֆոնս Կոջոյին, որը պորտուգալերեն գիտեր, հարցրի նրա կարծիքը Instagram-ով, ու այդպես մի քանի բան իմացա ակումբի ու քաղաքի մասին: Նա ինձ ասաց, որ «Արարատ-Արմենիան» լուրջ ակումբ է, աշխատավարձերի հետ կապված ոչ մի խնդիր երբեք չի լինում, ու ամեն բան այնտեղ հիանալի է»,- ասել է Անխելո Մենեսեսը:
Մենեսեսի խոսքով, սկզբում հարցուփորձ է արել ակումբի պայմանների, իսկ հետո քաղաքի մասին.
«Նա ասաց, որ ակումբը տեղակայված է մայրաքաղաքում, որ այն նման է Լիսաբոնին կամ Պորտուին, զարգացած քաղաք է: Իսկ երկրի մնացած մասը հնաոճ է: Ու ես, Հայաստան այցելելով, այդ ամենում համոզվեցի:
Առաջին անգամ պետք է արտասահմանում խաղայի, ցանկացա, որ ընկերուհիս ինձ հետ գա, որպեսզի մենակ չլինեմ: Բացի դա, նա շատ լավ է պատրաստում, իսկ սնունդը շատ կարևոր է մարզիկի համար: Ալֆոնսի ասածներից հետո ու երբ իմացա, որ կարող եմ ընկերուհուս էլ ինձ հետ տանել, այլևս կասկածներ չունեի, որ պետք է տեղափոխվեմ»:

Ֆուտբոլիստը պատմել է նաև պորտուգալական «Ֆամալիկան» ակումբից հեռանալու ու երևանյան թիմում ավելի մեծ հեռանկարներ ունենալու մասին.
«Պայմանագիր ունեի պորտուգալական ակումբի հետ, 24 կամ 25 խաղ էի անցկացրել, նույնիսկ սպասում էի, որ կթարմացնեմ պայմանագիրը, քանի որ լավ մրցաշրջան էի անցկացրել: Տխուր էի, երբ պետք է հեռանայի, բայց ավելի լավ ֆինանսական պայմաններով առաջարկ էի ստացել, որը կարող էր դռներ բացել դեպի նոր մակարդակներ, օրինակ` Եվրոպա, կամ Ռուսաստան ու Ուկրաինա, որտեղ ևս գրավիչ ու ֆինանսապես լավ առաջնություններ են»,- ասել է ֆուտբոլիստը:
Մենեսեսը շատ արագ որոշում է կայացրել ու նույնիսկ ստիպված է եղել չեղարկել իր պլանավորված արձակուրդն Իսպանիայում, քանի որ պետք է մինչև հունիսի 10-ը խաղար «Արարատ-Արմենիայում».
«Երբ պայմանագիր կնքեցի, նրանք միանգամից ինձ տնով ապահովեցին: Նրանք ասացին` ահա քեզ տուն, բայց եթե դու չես հավանում, կարող ենք այլ տարբերակներ դիտարկել»:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նշում է` չի ցանկանում վերադառնալ Պորտուգալիա.
«Հիմա նույնիսկ չեմ մտածում այդ մասին: Չեմ զղջում, որ եկել եմ այստեղ: Իհարկե, նույն մրցակցային մակարդակը չէ, ինչ Պորտուգալիայի առաջին դիվիզիոնում, բայց ես շատ ուրախ եմ իմ ակումբում, ակումբ, որը բավականին կարճ պատմություն ունի, բայց արդեն իսկ գերիշխում է Հայաստանում: Հետո, փորձում ենք հասնել Եվրոպա լիգայի խմբային փուլ: Եթե ինչ-որ մեկն ինձնից խորհուրդ հարցնի` արդյոք արժե՞ գալ Հայաստան, ես միայն լավ բաներ կասեմ: Ու դեռ լավ ժամանակներ են գալու»:
Խոսելով Հայաստանում ֆուտբոլի մակարդակի մասին` Մենեսեսը նշել է, որ այն իհարկե փոքր-ինչ զարգացման կարիք ունի, բայց հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին դա տեղի կունենա.
«Կարող եմ ասել, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը համապատասխանում է Պորտուգալիայի երկրորդ լիգայի մակարդակին:

Ինչ վերաբերում է Հայաստանում կյանքի որակին, ապա պետք է ասեմ, որ ես ապրում եմ մեր մարզումային կենտրոնի մոտակայքում: Կարող էի նաև քաղաքի կենտրոնում ապրել, բայց նախընտրեցի մոտ ապրել մեր մարզումային կենտրոնին: Ոտքով եմ գնում մարզումներին, իսկ քաղաքի կենտրոն գնալու համար 15 րոպե է անհրաժեշտ մեքենայով: Տաքսիի համար մոտ 1,5 եվրո ես վճարում, պատկերացնո՞ւմ եք: Շատ մատչելի է: Ես նույնիսկ մեքենա չունեմ: Չցանկացա ունենալ, այդպես կորուստ կկրեի: Տեսա տաքսիի գները` անհավանական մատչելի էին: Կարող ենք գնալ ընթրելու, տաքսիի հավելվածը ունենալ հեռախոսի մեջ ու 2 րոպե անց մեքենան կմոտենա»,- ասել է ֆուտբոլիստն ու խոսել նաև բացասական կողմերի մասին.
«Շատ ցուրտ է այստեղ: Իսկական դժվարությունն այնուամենայնիվ լեզուն է: Հայերեն միայն կարողանում եմ բարևել: Նրանք ռուսերեն են շատ խոսում: Ես ավելի շատ ռուսերեն եմ հասկանում, քան հայերեն: Մարզիչն էլ թարգմանիչ ունի, որն անգլերեն է խոսում: 10 խաղացող ենք, ովքեր ռուսերեն չեն խոսում: Բացասական կետերից մեկը խցանումներն են: Հայաստանում 3 մլն բնակչություն կա, որից 2 մլն-ն ապրում է Երևանում: Սարսափելի խցանումներ են քաղաքում: Նրանք մեքենայի պատուհանը կարող են իջեցնել ու քննարկել իրար հետ ինչ-որ հարցրել: Անվտանգության առումով էլ անհավանական երկիր է: Կարող ես 10 տարեկան երեխային տեսնել փողոցում միայնակ քայլելիս: Սուպերմակետ եմ գնում ու վերելակի մեջ միայնակ երեխաների տեսնում, ովքեր խանութ են եկել»:
Մենեսեսը նաև պատմել է, թե որ դեպքում կվերադառնա Պորտուգալիա.
«Միայն այն դեպքում, երբ ինձ համար ավելի լավ ու ամբիցիոզ տարբերակ կունենամ: Գիտեմ, որ դա բարդ կլինի: 26 տարեկան եմ, երկար տարիներ խաղացել եմ Պորտուգալիայի երկրորդ լիգայում` երազելով հասնել բարձրագույն լիգային: Շատ եմ մտածել այդ մասին, բայց այդքան տարի անց որոշեցի այլևս չսպասել: Ցանկանում եմ լավ կարիերա ունենալ Հայաստանում, իսկ հետո նաև ավելի լավ երկիր տեղափոխվել»,- խոստովանել է ֆուտբոլիստը:
Մենեսեսը շեշտում է` շատ երջանիկ է Հայաստանում ու «Արարատ-Արմենիայում», նաև նշել, որ «դպրոցական տարիներից ի վեր» առաջին անգամ հենց Հայաստանում է ձմեռային արձակուրդ ունեցել: