Հունվարի 19-ին Աշոցքում ավարտվեց Հայաստանի դահուկավազքի 2020 թվականի բաց առաջնությունը:
Ստուգատեսն անցավ բավականին հարմարավետ և ակտիվ պայմաններում: Մասնակիցների մտերիմները, երկրպագուները, ինչպես նաև լրագրողները առանձին սենյակից մրցումներին հետևելու հնարավորություն ունեին: Նախորդ տարի հունվարին Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու միջնորդությամբ, եվրոպական կառույցի աջակցությամբ Աշոցքում կառուցվել է դահուկասպորտի համալիրը, որտեղ մարզումներ են անցկացնում ինչպես Աշոցքի, այնպես էլ Շիրակի ամբողջ մարզի, Հայաստանի հավաքականների դահուկորդները:
Մրցումային վերջին օրվա արդյունքները՝ այստեղ:
Մրցումային տեսանկյունից լուրջ անակնկալներ չկային: Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը հերթական անգամ հաստատեցին իրենց բարձր կարգը՝ 1.4 կմ սպրինտ մրցաձևում զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները: 19 գրանցված մարզիկների ցանկում 3-րդ տեղը զբաղեցրեց շվեյցարացի Անդրին Շելենբերգը: Քանի որ առաջնությունը բաց էր, կարող էին մասնակցել նաև արտասահմանցիներ: Ի դեպ, Անդրին Հայաստանի առաջնության միակ օտերերկրյա մասնակիցն էր:
«Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Կրկնակի ուրախ եմ, որ դարձա մրցանակակիր: Ամեն ինչ հիանալի էր, շնորհակալ եմ բոլորին»,- տպավորություններով կիսվեց մեր հյուրը:

Դավիթ Խիթարյանը պարգևատրում է Անդրե Անդրին Շելենբերգին
Հայաստանի բազմակի և նորընծա չեմպիոն Միքայել Միքայելյանն ամփոփեց իր ելույթը.
«Գոհ եմ իմ ելույթից: Գլխավոր նպատակներս կապված են միջազգային մրցաշարերի հետ: Այժմ նախապատրաստական փուլ է փետրվարի վերջին և մարտի սկզբին անցկացվելիք մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությանն ընդառաջ: Առաջին անգամ եմ մասնակցելու այս տարիքային առաջնությանը, առջևում ևս 2 տարի ունեմ, կարծում եմ՝ տարեցտարի կբարելավեմ արդյունքներս»:

Կանանց պայքարում մասնակիցների թիվը մտահոգիչ էր: Մրցումային վերջին օրը նույնպես 1.4 կմ սպրինտ արագավազքին մասնակցում էին ընդամենը 4 մարզուհիներ: Առաջատար դահուկորդուհի Կատյա Գալստյանը դարձավ չեմպիոն, երկրորդը Վարսենիկ Ավետիսյանն էր: Բրոնզե մեդալակրի հարցում կա ուրախալի հանգամանք. մրցանակակիր դարձավ 15-ամյա Անգելինա Մուրադյանը, ով Հայաստանի ամենահեռանկարային դահուկորդուհին է:

Մրցանակակիրներին պարգևատրել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և ՖԿՀՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Վերջինս կարևորեց առաջնության դերը հայկական սպորտի կոնտեքստում.
«Այս առաջնությունը սպորտի զարգացմանը նպաստելու հիմնաքարերից է: Հայաստանում կան սպորտի զարգացման նախադրյալները, ամենակարևորը՝ ցանկությունը կա: Իշխանության մոտեցումները նույնպես դրական են և նպաստավոր: Շեշտադրումը պետք է դրվի թե մեդալների, թե առողջ ապրելակերպի վրա: Սա լավ միջոց է հասարակության մեջ սերմանել առողջ ապրելակերպը, ես նույնպես հորդորում եմ: Շնորհավորում եմ մրցակիցներին և բոլորին այս հիանալի տոնի առթիվ»:
ՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը
Հայաստանի դահուկասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ևս ամփոփեց առաջնությունը և արդյունքները.
«Սկիզբը դժվար էր, քանի որ ձյունը քիչ էր, աշխատանքներ իրականացրինք դահուկուղիները պատրաստելու համար: Ռեզերվը փոքր է. մասնակիցները չեն ավելանում: Միքայելը մարզավիճակ է հավաքում, իսկ Թադևոսը փոքր-ինչ վատառողջ էր: Առջևում մեկ ամիս ունենք. Շվեդիայի Աշխարհի գավաթի փուլին, որը վարկանիշային է, կմասնակցեն Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Այնուհետև Գերմանիայում կմասնակցենք աշխարհի երիտասարդական առաջնությանը, որին մասնակցելու է միայն Միքայել Միքայելյանը: Ծրագրում ենք նաև Մուրմանսկում մասնակցել «Праздник Севера» մրցաշարին»:
Հայաստանի դահուկասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը
Ձյան համաշխարհային օրը վերջին տարիներին նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումների շրջանակում են նաև մարզական իրադարձություններ: Այս անգամ այն անցկացվեց Աշոցքում՝ համընկելով առաջնության հետ:

Մի քանի տասնյակ պատանիներ և մանուկներ տվյալ դահուկուղում մրցման մասնակցեցին: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խորհրդանշական մեդալներով և պատվոգրերով:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը բավարար գնահատեց առաջնությունը՝ մատնանշելով մտահոգիչ խնդիրները.
«Արդյունքները բավարար եմ գնահատում, բայց մտահոգվելու տեղ ունենք. առաջին հերթին աղջիկների քանակի հետ կապված: Խնդիր է ըստ իս որակը՝ կապված արդյունքների հետ կապված: Մասնակիցների աշխարհագրության հետ կապված ևս խնդիրներ ունենք: Փաստացի, 3 ուղղությամբ անելիքներ ունենք: Նախանշում ենք խնդիրները, չենք խուսափում դրանցից և ամեն ինչ անելու ենք լուծելու համար: Փայլեցին Աշոցքի ներկայացուցիչները: Եթե համեմատեմ նախորդ տարվա հետ, գոհ եմ: Կազմակերպվածությունը բարձր մակարդակի էր. մեր թիմին շնորհակալություն եմ հայտնում: Մարզիչներին նույնպես շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար: Կային բարդություններ՝ կապած ձյան սակավության հետ, ինչի պատճառով շատ ժամանակ նորմալ մարզումներ կազմակերպելը բարդ էր: Հունիսին կազմակերպելու ենք մարզիչների վերապատրաստման առաջին դասընթացը, մեկ շաբաթով Հայաստան են ժամանելու նորվեգացի մասնագետներ և հենց Աշոցքում միջազգային ֆեդերացիայի հովանավորությամբ անցկացնելու են դասընթացներ»:
ձախից՝ աջ. Գագիկ Սարգսյան, Դավիթ Խիթարյան, Տիգրան Պետրոսյան
Արման Առաքելյան