Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Պորտուգալիայի հետ խաղի արդյունքը (1-0)։
«Երբ դուք 1-0 հաշվով առջևում եք Պորտուգալիայի նման թիմի դեմ խաղում, դուք գիտեք, որ հեշտ չի լինի։ Մենք լավ էինք պաշտպանվում ու ապացուցեցինք, որ մեր պաշտպանությանն ուղղված քննադատությունն արդարացված չէ։ Լսել եմ, որ որոշ նիդերլանդցիներ քննադատում էին մեզ․ լավ է, որ նրանք հիմա տանն են։
Սա իսկապես թոփ-խաղ էր։ Այն թիմերից շատ ուժեր խլեց։ Չէի ասի, թե մեր բախտը բերեց։ Ցանցի մեր հատվածում շատ են հիանալի թիմերը, բայց մենք ունենք որակներ, որոնք կարող են մեզ թույլ տալ հաղթահարել նպատակի ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում HLN-ը։
Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Բելգիայի հավաքականը կմրցի Իտալիայի ազգային թիմի հետ։ Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց-Արենայում»։