Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ չի մնացել լրագրողներից մեկի աշխատանքից։
Երեկ՝ հունիսի 13-ին, ֆրանսիացի մասնագետը ներկա է գտնվել Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակիչ առաջին խաղին՝ «Ռայո Վալեկանոյի», որի կազմում հանդես է գալիս իր որդին՝ դարպասապահ Լուկա Զիդնաը, և «Ժիրոնայի» միջև (1-2)։ Մարզադաշտի մոտ Զիդանը հանդիպել է լրագրողների, որոնցից մեկը ֆրանսիացի մասնագետին հարցրել է «Ռեալից» հեռանալու մասին։ Մարզիչը կտրուկ է պատասխանել․
«Անընդհատ ինձ նույն հիմար հարցե՞րն եք տալու։ Քո աշխատանքը խայտառակություն է»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Onze Mondial-ը։
Դրանից հետո լրագրողը փորձել է բացատրություն տալ մասնագետին, սակայն վերջինս նրան ընդհատել ու տարել իր հետևից՝ զրուցելու համար․
«Ես գիտեմ Ձեզ, Դուք էլ ինձ գիտեք։ Ամեն անգամ նույն բանն է լինում։ Արի, մի քիչ խոսենք։ Գնացինք»։