Գեղասահքի Աշխարհի առաջնությունը մեկնարկում է մարտի 22-ին Ստոկհոլմում: Մրցաշարը կլինի պանդեմիայից ի վեր առաջին լիարժեք միջազգային մեկնարկը:
Հիշեցնենք, որ Մոնրեալի 2020-ի Աշխարհի գավաթը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով: Նույն պատճառով տեղի չունեցան Եվրոպայի առաջնությունը, Չորս մայրցամաքների առաջնությունը, Գրան Պրի սերիայի եզրափակիչը և Պատանիների աշխարհի առաջնությունը:
Բացի այն, որ մեծ գեղասահքը վերադառնում է սահադաշտ, առաջիկա Աշխարհի գավաթը կունենա առանձնահատուկ ռազմավարական նշանակություն. Այն կսահմանի քվոտաներ 2022 թվականի Օլիմպիական խաղերի համար, այսինքն մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, որովհետև մեդալներից բացի կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
⛸ Ֆավորիտները
Տղամարդկանց մրցաշարում ֆավորիտները երկուսն են․ հայ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանը՝ ամերիկացի Նաթան Չենը, ով վերջերս 5-րդ անգամ անընմեջ ճանաչվեց ԱՄՆ չեմպիոն, և իհարկե ամենահայտնի գեղասահորդը՝ ճապոնացի Յուզուրու Հանյուն: Դժվար է կանխագուշակել, թե նրանցից ով կարող է հաղթել մրցաշարը, սակայն կհամարձակվեմ մի փոքր առավելություն տալ ներկայիս գործող չեմպիոն Չենին, ով այս պահին, կարծես թե ավելի լավ մարզավիճակում է։
Առաջին երկու տեղերը, կարելի է ասել, արդեն ամրագրված են, իսկ ահա բրոնզե մեդալի համար պայքարն էլ ավելի թեժ է լինելու․ հավակնորդներն են ֆրանսիացի Էյմոսը, ռուսաստանցի Կոլյադան, ճապոնացի Ունոն և ամերիկացի Ժուն։
Կանանց մրցաշարում ևս թեժ է լինելու․ ռուսաստանցիներ Աննա Շերբակովային և Ալեքսանդրա Տրուսովային թեժ մրցակցություն կպարտադրի ճապոնուհի Ռիկա Կիհիրան։ Այս եռայակի միջև էլ կընթանա հիմնական պայքարը, որին, քիչ հավանական է, բայց կարող է խառնվել նաև ամերիկացի Տենելլին։ Նշենք, որ մրցաշարին կմասնակցի նաև Ելիզավետա Տուկտամիշևան, սակայն, հավանականությունը շատ քիչ է, որ նա կմասնակցի մեդալային պայքարին․ ներկա պահին վերը նշված եռյակն անչափ ուժեղ է։ Չնայած ռուս գեղասահորդուհիները համարվում են այս մարզաձևի առաջիկա տարիների գլխավոր աստղերի կոչման հավակնորդները (ինչպես ժամանակին Զագիտովա-Մեդվեդևա դուետը), Կիհիրան ունակ է այս մրցաշարում իրենն ասել, չէ՞ որ նա համեմատաբար ավելի փորձառու է։
Ի դեպ գործող աշխարհի չեմպիոն Ալինա Զագիտովան չի մասնակցի մրցաշարին։
Աննա Շերբակովա
Ալեքսանդրա Տրուսովա
Ռիկա Կիհիրա
Ինչ վերաբերվում է զույգերին, ապա այստեղ ֆավորիտները շարունակում են մնալ չինացիներ Սուն Վեն Ցզինը և Հան Ցունը, որոնց հետ մեդալների համար կպայքարեն ռուսները՝ Տարասովա/Մորոզով, Բոյկովա/Կոզլովսկիյ և Միշինա/Գալյամով զույգերը։
Ռիթմիկ պարերում հիմանական պայքարը կընթանա ռուսների (Սինիցինա/Կացալապով) և ամերիկացիների (Հաբբել/Դոնոհյու, Չոկ/Բեյթս) միջև։ Նրանց խաղաքարտերը կարող է խառնել կանադական Ժիլես/Պուարյե դուետը։
🇦🇲 Հայաստանի ներկայացուցիչները՝ Աշխարհի առաջնությունում
Հայաստանն այս մրցաշարում կունենա 4 ներկայացուցիչ։ Գեղասահքի ֆեդերացիայից ArmSport-ին տեղեկացրել են, որ մեր գեղասահորդները ներկա պահին նախապատրաստվում են Շվեդիայի մայրաքաղաքում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը:
Կանադայի Մոնրեալ քաղաքում է մարզվում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդներից Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ Երևանում:
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը կմեկնի մրցավայր Կանադայից, իսկ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը Ստոկհոլմ կմեկնեն Մոսկվայից։
Նշենք, որ մրցաշարը վարկանիշային է Պեկինի Օլիմպիական խաղերի համար, և դա լավ հնարավորություն է մեր մարզիկներ համար ձեռք բերել այդ մրցաշարի ուղեգիր։
Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 868 հազար ԱՄՆ դոլար: Դրանք կբաշխվեն լավագույն 6-ում դասավորված գեղասահորդների շրջանում։ Չեմպիոնները մենասահքում կստանան 64 հազար դոլար, իսկ զույգերը կստանան 90 հազար դոլար։
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2021 թ․ Ժամանակացույց
Մարտի 24, չորեքշաբթի
13:00 Կանայք. Կարճ ծրագիր
20:30 Բացման արարողություն
21:30 Զույգեր. Կարճ ծրագիր
Մարտի 25, հինգշաբթի
14:00 Տղամարդիկ. Կարճ ծրագիր
21:30 Զույգեր. Ազատ ծրագիր
26 մարտի, ուրբաթ
13:45 Պար: Ռիթմի պար
21:00 Կանայք. Ազատ ծրագիր
27 մարտի, շաբաթ օր
14:00 Տղամարդիկ. Ազատ ծրագիր
20:00 Պարեր: Ազատ պար
28 մարտի, կիրակի
16:30 Ցուցադրական ելույթներ: