Մարզական 2020-ը խոստանում է շատ հագեցած լինել. ArmSport-ը ներկայացնում է բոլոր այն կարևոր իրադարձությունները, որոնք չարժե բաց թողնել նոր սկսվող տարում:
Օլիմպիական խաղեր/ Տոկիո, հուլիսի 24-ից օգոստոսի 9
2020 թվականի, թերևս, ամենակարևոր մարզական իրադարձությունը: Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերն անկասկած մեծ հետաքրքրություն կառաջացնեն: Թե Հայաստանը քանի պատվիրակով կմասնակցի Օլիմպիական խաղերին, դեռևս հստակ չէ, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային Oլիմպիական կոմիտեն հրաժարվել է «սպիտակ քարտերից», թույլ է տալիս ենթադրել, որ Տոկիո-2020-ում մեր ներկայացուցիչներից պետք է առավելագույնը սպասել:
Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ նախորդ 6 ամառային Oլիմպիական խաղերում Հայաստանը երբեք չէր հրաժարվել «սպիտակ քարտերից»: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքով, մենք բոլոր մարզաձևերում պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար, և Տոկիո չենք մեկնելու պարզապես մասնակցության համար:
Այս պահի դրությամբ, Հայաստանն Օլիմպիական խաղերի դեռևս երեք ուղեգիր ունի:
Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն անհատական ուղեգիր է նվաճել ու Տոկիոյում կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը մարմնամարզությունում:
Ճապոնիայի մայրաքաղաքում 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձևերում:
Hello, our Stadium! 🏟
— #Tokyo2020 (@Tokyo2020) 15 декабря 2019 г.
The #Tokyo2020 Olympic Stadium is ready to host the world. 🙌🏻😍🌏#RoadToTokyo 🇯🇵 pic.twitter.com/eRGe9tbDhP
Նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ, օլիմպիական ծրագրում ընդգրկվել են նաև կարատե, սերֆինգ, բեյսբոլ, մարզական ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Մի շարք մարզաձևերում ավելացվել են նոր մրցաձևեր:
Օլիմպիական ջահի փոխանցումավազքը նախատեսված է սկսել 2020թ. մարտի 26-ին:
Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաև 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաև 16-րդ Պարալիմպիկ խաղերը:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում 2016թ. կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը 1 ոսկե, 3 արծաթե մեդալով մեդալային հաշվարկում զբաղեցրել էր 42-րդ տեղը: Ռիո-2016-ին Հայաստանը հայտավորվել էր 32 մարզիկով՝ 7 մարզաձևերում (աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ):

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն/ հունիսի 12 — հուլիսի 12
Ֆուտբոլասերների համար, անկասկած, ամենասպասված իրադարձություններից մեկը: Եվրոպայի առաջնությունների 60-ամյակի առթիվ մրցաշարն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով՝ միանգամից 12 քաղաքներում:
Յուրաքանչյուր մարզադաշտում 4 հանդիպում կկայանա՝ երեքը խմբային փուլում, ևս մեկը՝ 1/8 կամ 1/4 եզրափակչում: Ամենաշատ խաղերը կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Բացի խմբային ու 1/8 եզրափակչի խաղից, որոնք տեղափոխվել են Բրյուսելից, այստեղ կկայանան նաև առաջնության կիսաեզրափակչի ու եզրափակչի հանդիպումները:

Քաղաքները բաժանվել են զույգերի: Յուրաքանչյուր զույգը կընդունի միայն մեկ խմբի հանդիպումները: Բուխարեստում 2019 թվականի նոյեմբերին էլ կայացավ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը։ 24 թիմեր բաժանվեցին 6 խմբերի։ 4 ուղեգրերի հասցեատերերը հայտնի կդառնան 2020թ․ գարնանը կայանալիք ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի արդյունքում։
Վիճակահանության արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը:

Հայ երկրպագուներն այս անգամ ևս ստիպված կլինեն կողքից հետևել իրադարձություններին՝ ոչ անմիջական մասնակցի կարգավիճակում:

Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի առաջնություն
Ավստրիական Գրաց քաղաքում հունվարի 20-ից 26-ը կկկայանա գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Իսկ ահա մարտի 23-ից 26-ը Մոնրեալում աշխարհի ուժեղագույն գեղասահորդները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար:
Այս մրցաշարերին գուցե տեսնենք Ռուսաստանը ներկայացնող հայ գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևային, ինչպես նաև ռուսական գեղասահքի մյուս երիտասարդ աստղերին՝ Ալեքսանդրա Տրուսովային, Աննա Շչերբակովային և մյուսներին:

Տարվա մյուս առավել նշանակալից մարզական իրադարձությունները
10-26.01.2020
Հանդբոլ. Տղամարդկանց Եվրոպայի առաջնություն 2020 (Շվեդիա, Ավստրիա, Նորվեգիա)
10-19.01.2020
III ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղեր (Լոզան, Շվեյցարիա)
03/28 / 08.04.2020
Հոկեյ գնդակով․ Աշխարհի առաջնություն 2020 (Շելեխով, Ռուսաստան)
08-24.05.2020
Հոկեյի Աշխարհի առաջնություն 2020 (Ցյուրիխ, Լոզան, Շվեյցարիա)
06/12-12/07/2020
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2020 (Կոլումբիա)
08.25-06.09.2020
XVI ամառային Պարալիմպիկ խաղեր (Տոկիո, Ճապոնիա)