Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալին»:
«Կամպ Նոուում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
Առավել լարված էր առաջին խաղակեսը: Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին: Մեկական դրվագներում պաշտպանները՝ Պիկեն և Ռամոսը գնդակը հեռացրել են անպաշտպան մնացած դարպասից:
Երկրորդ խաղակեսը բավականին իներտ էր, թիմերը ավելի զգուշավոր էին գրոհում: «Ռեալը» որոշակի առավելություն ուներ:
Հանդիպման ավելացված րոպեներին էլ լարվածություն առկա էր, սակայն գոլային պահերը քիչ էին:
Հատկանշական է, որ 2002 թվականից ի վեր գրանցվում է թիմերի միջև առաջին գոլազուրկ հանդիպումը:
Այս ոչ-ոքիից հետո թիմերը 36-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: