Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը նշել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել մրցավար Վլադիմիր Մոսկվալևից՝ նրան ուղղված խոսքերի համար անցած մրցաշրջանում «Զենիթի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո (0:1):
Մրցաշարի վճռական խաղում մրցավարը վիճահարույց տուգանային հարված էր նշանակել Մալկոմի նկատմամբ թույլ տված խախտման համար: 11 մետրանոց հարվածն իրացրեց Արտյոմ Ձյուբան, ինչը հաղթանակ բերեց «Զենիթին»: Խաղից հետո Կորյանը Instagram-ում գրել է. «Չեմպիոնական մրցավարություն, մրցավարները նվաճեցին գավաթը»:
Շաբաթ օրը «Խիմկին» ՌՊԼ-ի յոթերորդ տուրում կմրցի «Ուրալի» հետ: Մոսկվալևը կդատի Եկատերինբուրգում կայանալիք հանդիպումը:
«Իմ գրառման մեջ ես կենտրոնացել եմ միայն մրցավարական սխալի վրա, դրանով ոչ մեկին չեմ վիրավորել, ես ներողություն խնդրելու բան չունեմ: Այս թեման անցյալում է, էմոցիաներն այդ խաղից հետո անցյալում են, այժմ բոլոր տղաները պատրաստվում են «Ուրալի» հետ խաղին՝ անկախ նրանից, թե ով է այն դատելու: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, այդ հանդիպումն արդեն անցյալում է:
Տրամադրությունը մարտական է, մենք ոչ պակաս մոտիվացիա ունենք, քան մրցակիցը: Թիմում բոլորը ցանկանում են առաջնությունում հասնել իրենց առաջին հաղթանակին, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի դա տեղի ունենա «Ուրալի» դեմ խաղում», — մեջբերում է Կորյանին ТАСС-ը: