Երևանի «Փյունիկը» օրեր առաջ հայտարարեց հերթական տրանսֆերի մասին: Երևանյան ակումբի կազմում այսուհետ հանդես կգա 26-ամյա դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը։
Տրանսֆերից անմիջապես հետո ֆուտբոլիստի կենսագրությունն ուսումնասիրելիս ազատ հանրագիտարանում աչքի զարնեց տեղեկությունը, որ Մուսալովը ժամանակին հրավիրված է եղել Ադրբեջանի պատանեկան հավաքական։ Համացանցում ինֆորմացիա տարածվեց նաև, որ վերջինս ադրբեջանական արմատներ ունի։ Այս տեղեկությունը ուշադրություն գրավեց նաև Ադրբեջանում, որտեղ ևս տեղի լրատվամիջոցները բարձրաձայնեցին: Անշուշտ սա նպաստավոր միջավայր չի ստեղծում Մագոմեդի համար՝ նոր ակումբում ֆուտբոլային կարողությունները լիարժեք ցուցադրելու։
- Armspօrt-ը փորձեց անձամբ ֆուտբոլիստից ճշտել ինֆորմացիայի իրավացիությունը։ Մագոմեդ Մուսալովի հետ խոսել ենք նաև նոր ակումբի, թիմային մթնոլորտի ու «Փյունիկ» տեղափոխվելու նախապատմության մասին:
-Մագոմեդ, Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստների շրջանում Transfermakt-ի համաձայն, ամենաբարձր տրանսֆերային արժեքը Ձերն է, սակայն հայ երկրպագուն Ձեզ այնքան էլ լավ չի ճանաչում: Ներկայացեք, խնդրում եմ:
-Իմ տրանսֆերային արժեքի մասին ես այդքան էլ չեմ մտածում: Ծնվել եմ Մախաչկալայում: Մարզվել եմ Կազանի «Ռուբինի» ակադեմիայում: Այնուհետև, ինձ ու եղբորս հրավիրեցին հարազատ «Անժի»: «Անժիի» կազմում ես նորամուտս նշեցի ՌՊԼ-ում և այնտեղ մնացի մինչև 2018 թ.: Հետո տեղափոխվեցի Գրոզնիի «Ախմատ», որտեղ խաղում էի մինչև վերջերս:
-Ինչպե՞ս ստացվեց «Փյունիկ» Ձեր տեղափոխությունը:
-Ինձ զանգահարեց «Փյունիկի» սպորտային տնօրեն Սամվել Առուստամյանն ու ասաց, որ ակումբն ու անձամբ մարզիչը հետաքրքրված են իմ ծառայություններով: Այնուհետև, հեռախոսազրույց ունեցա Արտակ Օսեյանի հետ: Ես մտածելու համար ժամանակ խնդրեցի, քանի որ մի քանի տարբերակ ունեի: Վերջնաարդյունքում, ընտրեցի «Փյունիկի» տարբերակը:
-Տարբեր լրատվամիջոցներ գրեցին, որ դուք ունեք ադրբեջանական արմատներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Արմատներով Դաղստանից եմ, սակայն ազգությամբ ավարացի եմ: «Անժի» տեղափոխվելուց առաջ փաստաթղթային խնդիրներ ունեի, այդ պատճառով ինձ ու եղբորս երկար ժամանակ չէին կարողանում հայտավորել թիմում: Մինչ մենք սպասում էինք փաստաթղթերի կարգավորմանը, մեզ առաջարկեցին Ադրբեջանի Մ-19 տարեկանների հավաքականի կազմում հավաքի մասնակցել: Մենք համաձայնեցինք ու մեկնեցինք հավաքի՝ Լատվիա: Երբ կարգավորվեցին փաստաթղթային բոլոր հարցերը, վերադարձանք Դաղստան: Ադրբեջանի քաղաքացիություն ես երբեք չեմ ունեցել՝ չնայած նրան, որ տարբեր կայքեր նման ինֆորմացիա տարածեցին: Ինձ, իհարկե, զարմացրեց այդչափ նեգատիվը՝ կապված իմ տեղափոխության հետ: Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ես կարող եմ վիրավորել կամ նեղացնել ինչ-որ մեկին:
-Արդեն մարզվում եք թիմի հետ: Ինչպիսի՞ տպավորություն ունեք: Ինպիսի՞ ֆիզիկական վիճակում եք գտնվում և, արդյոք, մինչև տեղափոխությունը խաղային պրակտիկա ունեի՞ք:
-Վերջին շրջանում շատ եմ բաց թողել, այդ թվում՝ ընտանեկան խնդիրների պատճառով: Արդեն սկսել եմ ֆիզիոթերապևտի հետ մարզվել և շատ շուտով կլինեմ ընդհանուր խմբում: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Թիմում մթնոլորտն ընկերական է:
— Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից: Ի՞նչ կարծիքի եք մեր երկրի ու ժողովրդի մասին:
-Ես Երևան եմ եկել կնոջս հետ ու մենք միանգամից սկսեցինք զբաղվել բնակարանի փնտրտուքով: Արդեն զբոսնել ենք Երևանի Կենտրոնում և շատ տպավորված ենք: Երևանը ինչ-որ տեղ հիշեցնում է հարազատ Մախաչկալան. մասնավորապես, ճանապարհներին մեքենա վարելու ոճով։
-Ինչպես հայտնի է, «Անժիում» դուք խաղացել եք Կառլեն Մկրտչյանի հետ: Մինչ «Փյունիկ» տեղափոխվելը նրանից կարծիք հարցրե՞լ եք. չէ որ, նա երկար ժամանակ այստեղ է խաղացել:
-Այո, մենք Կառլենի հետ շատ ենք շփվել, երբ միասին էինք խաղում, բայց նրա՝ թիմից հեռանալուց հետո կապ չենք պահել: Ուրախ կլինեմ նրան այստեղ կրկին տեսնել: Նրանից բացի, շատ ծանոթներ ունեմ, որ խաղացել են Հայաստանի առաջնությունում:
-Ինչպիս՞ն է թիմային ոգին ակումբում: Ըստ Ձեզ, կարո՞ղ է «Փյունիկը» բարձր տեղերի համար պայքարել:
-Մենք շատ լավ կազմ ունենք, տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստներ ու շատ ուժեղ մարզչական կազմ: Այդ պատճառով, մեր առջև դրել ենք բարձր նպատակներ:
Արմեն Գարամյան