«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները շահագործման են հանձնվել։ Բարեկարգվել են նաև դպրոցների հարակից տարածքները: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Շուրջ երեք ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել և կահավորվել են երկու դպրոցների մարզադահլիճները. միայն մարզադահլիճների վերանորոգված մակերեսը 280 քառակուսի մետր է։ Արևային տաքացուցիչների տեղադրման շնորհիվ դպրթցները այժմ կունենան տաք ջուր: Ի դեպ, Այգեշատի դպրոցի ներսում աշակերտները նախկինում չունեին սանհանգույց, այն նոր է կառուցվել:
Ֆիզկուլտուրայի դասընթացները բնականոն կազմակերպելու համար «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համաֆինանսավորմամբ դպրոցներին նվիրաբերվելէ անհրաժեշտ մարզագույք։ Դպրոցները ստացել են հիմնադրամի հրատարակած «Առողջ ապրելակերպի» պատկերագրքերը, որոնք մշակվել են առողջ ապրելակերպի իրազեկման արշավի շրջանակներում։ Այն փորձարարական փուլ է անցնելու, լրամշակումներից հետո կլինի նոր ու մեծաքանակ տպագրություն ու կծառայի դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելի հետաքրքիր կազմակերպելու համար:
Այգեշատում պատկերագիրքը ուսուցիչներն արդեն կիրառում էին։ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը նախատեսում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավներ։ Հերթում ևս երեք դպրոց կա։
Հիմնադրամը պատրաստվում է այցելել Գորիսի թիվ 5, Հրազդանի՝ 11 և Վանաձորի թիվ 25 դպրոցներ։