Ազգերի Լիգայի խաղերին նախապատրաստվելու համար Խոակին Կապառոսի հրապարակած հայտացուցակում նոր անունները շատ էին։ Նրանց թվում էր նաև «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, որն արդեն 5 տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
ArmSport-ը հավաքականի մարզական հավաքին միանալուց առաջ զրուցել է 28-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի հետ։
-Արդեն Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներից մեկն ես․ ինչպե՞ս ես քեզ զգում։
-Անկեղծ ասած, շատ ուրախ եմ ինձ ընձեռված հնարավորության համար։ Դա ցանկացած ֆուտբոլիստի երազանք է, ու ես պատրաստ եմ ամեն ինչ տալ հանուն այս երկրի։
-Սպասո՞ւմ էիր հավաքականից առաջարկի, թե՞ այն անակնկալ էր քեզ համար։
-Անակնկալ էր ինձ համար․․․
-5 տարի է հանդես ես գալիս Հայաստանում․ քո ծրագրերում չկա՞ր այստեղ երկար հանդես գալով ու լավ խաղ ցուցադրելով՝ այդ հրավերին արժանանալը։
-Ո՛չ, դա երբեք իմ ծրագրերում չի եղել։ Ես միշտ ցանկացել եմ գնալ այլ երկրներ, բայց 5 տարի այստեղ մնալու հնարավորություն է եղել ու հիմա ժամանակն է լավագույնս օգտագործել հավաքականից ստացած մարտահրավերի առավելությունը։
-Կարծում եմ՝ հավաքականի խաղերին հետևել ես․ ի՞նչ կարծիք ունես թիմի մասին։
-Այո՛, իհարկե, միշտ հետևել եմ ազգային հավաքականի խաղերին․ շատ լավ ու տաղանդավոր խաղացողներ կան։ Կարծում եմ՝ լավ աշխատանքի շնորհիվ դրական արդյունքների կարող ենք հասնել։
-Կապառոսը նոր է բոլորի համար․ ծանո՞թ ես նրա աշխատանքին։
-Այո՛, գուցե, Կապառոսն այստեղ ոմանց համար նոր է, բայց ես արդեն գիտեի նրան, նա շատ լավ ճանապարհ է անցել Իսպանիայում։ Նա հիանալի ու փորձառու մարզիչ է։ Վստահ եմ, որ շատ լավ բաներ կտա հավաքականին։
-Ըստ քեզ՝ օտարերկրացուն ի՞նչ է պետք այլ երկրի ազգային հավաքականում լավ հանդես գալու համար։
-Կարծում եմ, եթե այլ երկրի հավաքականում խաղալու հնարավորություն ես ստացել, մարզաշապիկը հագնելիս պիտի այնպիսի զգացողություն ունենաս՝ ասես քո ծննդավայրի թիմի մարզաշապիկն ես հագել։ Պիտի լավագույնս քեզ դրսևորես՝ նույնիսկ եթե այդ երկրից չես։
-Քեզ ինչ-որ չափով հայ զգո՞ւմ ես։
-Հա (ծիծաղում է՝ հեղ․)։ Իսկապես շատ եմ հավանում հայերին, նրանք լավ մարդիկ են։
-Ընտանիքդ ինչպե՞ս արձագանքեց այդ լուրին։
-Ընտանիքս շատ ուրախ է այս ամենի համար, հատկապես մայրս, որը միշտ աջակցել է ինձ։
-Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ խաղերում մեր շանսերն ինչպիսի՞ն են։
-Ֆուտբոլում չգիտես ինչ կլինի, բայց վստահ եմ, որ կանենք հնարավոր ամեն բան, որ հաղթենք։
-Հիմա մարզավիճակդ ինչպե՞ս կգնահատես։
-Շատ լավ մարզավիճակում եմ։ Մրցաշրջանի պատրաստություն եմ անցել թիմիս հետ ու շատ լավ եմ ինձ զգում։
-Նախորդ մրցաշրջանը հաջող չէր «Գանձասար-Կապանի» համար, ի՞նչ սպասել այս առաջնությանը։
-Հիմա լավ աշխատանք ենք կատարել ու լավ պատրաստվել ենք, որպեսզի առաջնությունում բարձր տեղերի համար պայքարենք։ Տրամադրվել ենք, որ լավ մրցաշրջան ենք անցկացնելու։
-Ինչպիսի՞ն էր կարիերադ նախքան Հայաստան գալդ։
-Խաղացել եմ կոլումբիական թիմերում։ Նշեմ անուններն ու թվականները․
«Պատրիոտաս»-2008-2009
«Բոգոտա»-2009-2010
«Ատլետիկո Հուիլա»-2010-2011
«Ատլետիկո Նասիոնալ»-2011-2012
«Ալիանցա Պետրոլերա»-2012-2014։
-Ինչպե՞ս 2015-ին հայտնվեցիր «Գանձասարում»։
-Ընկերներիցս մեկի միջոցով, որը խոսել էր իր գործակալի հետ։ Ես եկա փորձաշրջանի «Գանձասարում» ու հենց երկրորդ օրը պայմանագիր կնքեցի ակումբի հետ։
-Իսկ ինչպե՞ս էր որոշվել, որ ֆուտբոլով պիտի զբաղվես։
-Մայրս ու քեռիներս ինձ միշտ մոտիվացնում էին, որ ֆուտբոլ խաղամ։ Նրանք ֆուտբոլ շատ են սիրում ու միշտ ուզում էին, որ ես ֆուտբոլիստ դառնամ։
-Տարիներ անց քեզ ո՞ր ակումբում ես տեսնում։ Ո՞րն է քո ֆուտբոլային նպատակը։
-Ամեն ինչ Աստծո ձեռքում է, բայց ես միշտ երազել եմ մեծ թիմում խաղալու մասին։ Եվ ես գիտեմ, որ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ կարելի է իրակացնել երազանքները։
-Հավաքականի երկրպագուներին ինչ-որ բան ունե՞ս փոխանցելու։
-Այո՛, ուզում եմ ասել, որ միշտ առավելագույնը կանեմ այս երկրի համար, որովհետև շատ երախտապարտ եմ այստեղ բոլորին։ Խաղադաշտում միշտ պայքարելու եմ մինչև վերջ։ Vamos Armenia! (Առա՛ջ, Հայաստան՝ հեղ․)։
Ստելլա Բաբլոյան