Գյումրիի «Շիրակի» նորընտիր նախագահ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդծելով, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել իր քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը.
«Վստահ եմ, որ «Շիրակի» լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ «Շիրակի» մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսևորելու «Շիրակի» հիմնական կազմում՝ Բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։
Ուզում եմ նշել նաև, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։
«Շիրակի» համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել,սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, «Շիրակից» բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաև հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները»,- գրել է Տիգրան Վիրաբյանն ու շնորհակալություն հայտնել ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին.
«Շնորհակալ եմ ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին՝ «Շիրակի» հետ անցկացրած փայլուն տասը տարիների համար։ Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակներին եւս պարոն Սահակյանը իր ներկայությամբ ակումբի հետ կլինի»: