Մեկ ամիս «Լոռին» գլխավորելուց հետո Արմեն Սանամյանն իր մարզչական շտաբի հետ վերադարձավ հարազատ «Սևան»:
Վանաձորյան թիմից հեռանալու պատճառների և «Սևանի» հետ կապված հետագա ծրագրերի մասին ArmSport-ը զրուցել է 54-ամյա մասնագետի հետ:
-Պարո՛ն Սանամյան, ինչո՞ւ հեռացաք «Լոռիից»:
-«Լոռի» ակումբում իրոք խնդիրներ կային: Մեր պայմանագիրը նախատեսված էր մեկ տարով: Պետք է ծանոթանայինք թիմին, որպեսզի եկող տարվա համար պլաններ կազմեինք, բայց, ինչպես ասացի, խնդիրները շատ էին, ու մենք երկկողմ համաձայնությամբ խզեցինք պայմանագիրը: Ինչպես գիտեք՝ մենք թիմով էինք գնացել «Լոռի», ու բոլորս համակարծիք էինք, դրա համար էլ այսպես եղավ:
-Իսկ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
-Այդ հարցով լավ կլինի «Լոռիի» ղեկավարությանը դիմեք, քանի որ ես իրավասու չեմ դրան պատասխանելու:
-Դուք, ամեն դեպքում, որպես ժամանակավոր պաշտոնակատար էիք թիմում, այնպես չէ՞:
-Ժամանակավոր պաշտոնակատար արտահայտության իմաստը ես չեմ հասկանում: Ես գլխավոր մարզիչն եմ եղել ու ամեն ինչի պատասխանատուն էլ ես եմ եղել: Մենք մեկ ամսում արդյունք չէինք կարող արձանագրել, դա բոլորին էլ պարզ էր, սկզբից էլ նույն խոսակցությունը եղել է: Պետք է ծանոթանայինք թիմի հետ, դրա համար էլ մեր պայմանագիրը ոչ թե մեկ ամսով էր, այլ մեկ տարով:
-Այսինքն՝ խնդիրներից մեկը նաև թիմի արդյունքնե՞րն էին:
-Չեմ կարող ասել: Գուցե, ակումբի ղեկավարությանը չեն բավարարել թիմի արդյունքները, չեմ կարող միանշանակ ասել: Բայց խնդիրը միայն դա չէ, բազմաթիվ խնդիրներ կան թիմում և, ինձ թվում է, որ դրանք հիմա էլ կան:
-Իսկ այս ընթացքում ի՞նչ հասցրեցիք անել:
-Այս ընթացքում հասցրեցինք ծանոթանալ թիմի անդամների հետ, ակումբի ենթակառուցվածքների հետ:
-Ի՞նչ պլաններ ունեիք թիմը գլխավորելիս, հետագա ծրագրերն ինչպիսի՞ն էին:
-Պետք է ծանոթանայինք թիմին, երկրորդ տարում էլ արդյունքներ գրանցեինք: Ես՝ որպես մարզիչ մաքսիմալիստ եմ և, միևնույն ժամանակ, ռեալիստ: Պետք է ամեն ինչին ռեալ նայել, երբ ցանկանում ես արդյունքի հասնել:
-Ձեզ հետ միասին Աբրահամ Խաշմանյանը ևս հեռացե՞լ է:
-Իրեն ուղղեք այդ հարցը, բայց կարծում եմ՝ այո: Հեռացել են նաև Արա Նիգոյանն ու Սլավա Սուքիասյանը:
-«Լոռիից» ինչպե՞ս եք բաժանվել:
-Ոչ մի խնդիր չունեմ: Ես որտեղ էլ աշխատել եմ միշտ էլ երկկողմանի համաձայնության ենք եկել: Խնդիր չեմ տեսնում: Իմ բնավորությունն էլ է այդպիսին, ես իմ հետևից երբեք կամուրջներ չեմ այրում: Ամեն ինչ էլ կյանքում հնարավոր է, ու ես փորձում եմ կամուրջներ չայրել:
-Ինչպե՞ս եղավ այնտեղ նորից աշխատելու առաջարկը:
-Գիտեք, որ ես ակունքներում ես եղել եմ «Սևանի» հետ, այսինքն վերադարձել եմ իմ հարազատ թիմ:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք թիմից:
-Լուրջ նպատակներ ունենք: Ղեկավարությունը մեր առջև առաջին տեղը գրավելու նպատակ է դրել, ու մենք պատրաստակամ ենք: Պետք է նաև գավաթային հանդիպումներում հնարավորինս առաջ գնալ:
-«Սևանում» էլի նորեկներ կլինե՞ն:
-Անպայման: Ունենք նորեկներ, թիմում ուժեղ մրցակցություն է լինելու, մարտական թիմ ենք ստեղծելու: Երեկ արդեն առաջին ընկերական խաղն անցկացրեցինք «Գանձասարի» հետ, 2-1 հաղթեցինք, բայց դրանով չէ, որ պիտի ուրախանամ, այլ տղաների լավ աշխատանքով: Օրական երկու մարզում ենք անցկացնում, լուրջ նպատակներ ունենք:
Ստելլա Բաբլոյան