Գերմանիայում մրցաշրջանն արդեն ավարտված է, Դորտմունդի «Բորուսիան» արդեն լքել է Չեմպիոնների լիգան: Հետևաբար, ոչինչ չէր խանգարում Էրլինգ Հոլանդին արձակուրդը անցկացնել հայրենի Նորվեգիայում:
Հոլանդը հիմնականում ժամանակը անցկացնում է ընկերների և հարազատների հետ.
Կենտրոնում նրա քույրն է՝ Գաբրիելան, աջ կողմում առաջինը նրա ավագ եղբայր Աստորն է: Իսկ Էրլինգը գրկախառնվել է իր մանկության ընկերոջ հետ։
«Բորուսիայի» հարձակվողը հասցրել է հայտնվել սկանդալի կիզակետում։ Snapchat-ի օգտատերերից մեկը նկարել է, թե ինչպես են Նորվեգիայում գտնվող գիշերային ակումբից դուրս հանում 19-ամյա ֆուտբոլիստին։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։ Հոլանդը բարկացել է ու բղավել անվտանգության աշխատակցի վրա, որը նրան դուրս է հանել ժամանցի վայրից։
Ինչպես հետագայում պարզ է դարձել, Նորվեգիայում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքներ վաճառել 20 տարեկանը չլրացած անձանց, իսկ Հոլանդի 20-ամյակը դեռ առջևում է (հուլիսի 21)։ Ըստ այդմ, կարելի ենթադրել՝ այդ պատճառով էլ նրանց արգելել են գտնվել այնպիսի հաստատությունում, որտեղ ոչ միայն կոլա կամ կաթ են վաճառում։
«Բորուսիան» և ինքը՝ ֆուտբոլիստը, չեն մեկնաբանել կատարվածը: Սակայն իրավիճակը փորձել է մեղմել ավագ Հոլանդը: Էրլինգի հայրը լուսանկար է տեղադրել՝ կացնով փայտ կոտրելիս: Նրա՝ որդուն ուղղված հաղորդագրությունը այսպիսին է. «Վերադարձիր աշխատանքի, Էրլինգ։ Մեծ քաղաքի գիշերային կյանքը քեզ համար չէ»:

Եվ իսկապես, Հոլանդը միայն ակումբներով չի շրջել այս օրերին․ երիտասարդ հարձակվողը իր հոր՝ Ալֆ-Ինգի Հոլանդի հետ միասին, գետի մոտակայքում զբաղվել են ծառեր կտրելով: Էրլինգը Instagram-ում նկար էր տեղադրել՝ հետևյալ մակագրությամբ. «Ձմեռը մոտենում է, ծառերը կտրելու ժամանակն է»: Twitter-ում մակագրությունը փոքր-ինչ տարբերվում է. «Արձակուրդ = աշխատանք»:
