Boney M աշխարհահռչակ խմբի այս հիթի բառերը, շատ լավ են բնորոշում Լերոյ Սանեի տրանսֆերը «Բավարիա»:
Իրոք, Սանեի կյանքը «Մառախլապատ ալբիոնում» վերջերս պատված էր անձրևով: Ցավոք, դրա պատճառը ֆուտբոլիստի մարզավիճակը կամ խաղային որակները չէին:
Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք և կպաշտպանի մյունխենյան ակումբի մարզական պատիվը (տրանսֆերի արժեքը ՝ 55մլն. եվրո):
Այս տեղափոխությունը կարող էր իրականություն դառնալ դեռ 12 ամիս առաջ, սակայն, ճակատագիրն այլ ընթացք էր նախատեսել:
Թիմերը գրեթե համաձայնեցրել էին Սանեի տրանսֆերը, մնում էր ստորագրել համապատասխան փաստաթղթերը, երբ 24-ամյա վինգերը բավական լուրջ վնասվածք ստացավ:
Անգլիայի սուպերգավաթի հանդիպման ընթացքում Լերոյի ստացած ծանր վնասվածքը չեղարկեց «Բավարիայի» բոլոր հույսերը: Լերոյ Սանեն «կանգնեց» այն պահին, երբ դա անհնար էր թվում:
Բացի այս, մյունխենյան ակումբում էլ այն ժամանակ ամեն ինչ կարգին չէր: Մարզչական փոփոխությունները, ակումբի ղեկավար կազմում առկա խնդիրներն անհնար էին դարձնում այս տրանսֆերը:
Բայց չմոռանանք, որ գործ ունենք գերմանական բնավորության հետ: Այս տղաները չգիտեն «ոչ» բառի նշանակությունը:
««Բավարիան» գերմանական ֆուտբոլի լավագույն ակումբն է: Անչափ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել այս ակումբի հետ»:
Սա կարևոր հայտարարություն է: Թվում է, թե սովորական խոսքեր են, բայց դա այդպես չէ:
Նոր սկիզբ Սանեի համար.
Մինչև այդ չարաբաստիկ վնասվածքը (ծնկի խաչաձև կապաններ), Սանեն պարզապես «պայթեցնում» էր ԱՊԼ-ն:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում, գերմանացին իր եզրում ուղղակի անկասելի էր: Պրեմիեր լիգայում անցկացրած 31 հանդիպումներում Սանեն դարձել էր 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Անհնար էր պատկերացնել, որ ընդամենը մեկ տարի անց, նա պետք չի լինի Գվարդիոլային:
Մանչեսթերում անցկացրած 3 տարիների ընթացքում, Լերոյը դարձավ ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Տեխնիկապես զարգացած և արագաշարժ այս տղան դուր կգա աշխարհի ցանկացած մարզչի:
Իսկ ի՞նչ կարող է Սանեն տալ «Բավարիային».
Գերմանական ակումբի եզրերում այժմ խաղում են Սերժ Գնաբրին և Կինգսլի Կոմանը: Այս տղաները բավական արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում: Չմոռանանք նաև Թոմաս Մյուլերի մասին, ով կարող է կենտրոնից տեղաշարժվել եզր և կատարել վինգերի պարտականություններ:
Հավանաբար, հիմնական կազմում տեղ ունենալու համար Սանեն կպայքարի Կինգսլի Կոմանի հետ, քանի որ դժվար է պատկերացնել, որ Սերժ Գնաբրին կնստի պահեստայինների նստարանին: Նրա ցուցադրած խաղը չափազանց լավն է ՝ խաղից դուրս մնալու համար:
Սերժ Գնաբրի
Հանս -Դիտեր Ֆլիկի ձեռքում Լերոյը կարող է դառնալ այն հաղթաթուղթը, որը այդքան պակասում է «Բավարիային»: Դա հատկապես զգացվում է Չեմպիոնների լիգայում, քանի որ ներքին առաջնությունում մյունխենյան ակումբը գրեթե «մեկ դար» գերիշխում է:
4-2-3-1. խաղային սխեման իդեալական է թվում Սանեի համար: Ֆլիկի գլխավորած թիմում եզրային պաշտպանները ակտիվորեն մասնակցում են գրոհներին ՝ օգնելով կիսապաշտպաններին:
Չմոռանանք նաև երիտասարդ Ալֆոնսո Դևիսին, ով հրաշալի հանդիպումներ անցկացրեց այս մրցաշրջանում: Սանեի նման ֆուտբոլիստի կողքին մարզվելն ու մրցակցելը միայն օգուտ կբերի տաղանդավոր այս ֆուտբոլիստին:
Հանս -Դիտեր Ֆլիկ
Թվում է ՝ սա մի գործարք է, որը գոհացրել է բոլոր կողմերին: Սակայն, միշտ էլ առկա է «պարկում թաքնված կատվի» վտանգը:
Ոչ, խնդիրն այն չէ, որ վստահ չենք Սանեի խաղային որակների կամ Բունդեսլիգային հարմարվելու ունակության վրա (Շալկե 04-ում անցկացրած տարիները կասկածի հիմքեր չեն թողնում:)
Միակ խնդիրը ՝ վնասվածքն է: Այդպիսի ծանր վնասվածքից հետո քչերն են վերադառնում իրենց նախկին խաղամակարդակին. կորցնում են արագությունը, պլաստիկան և վերջիվերջո ՝ ինքնավստահությունը: Պետք չէ թերագնահատել հոգեբանական գործոնը:
Սպորտային բժիշկներից շատերի պնդմամբ, ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացած մարզիկների 70%-ը հոգեբանական խնդիրներ են ունենում: Նրանք այն վստահությամբ չեն խաղում, ինչ նախկինում:
Ենթագիտակցության մեջ նստած է այն վախը, որ յուրաքանչյուր արագացում կամ սահանկում կարող է բերել վնասվածքի կրկնման:
Ահա սա պետք է լինի «Բավարիայի» ղեկավարության և մարզչական շտաբի գլխավոր մտածմունքը: Սա այն նույն Սանե՞ն է, ում մենք ճանաչում ենք, թե՞….
Այդուհանդերձ, սա նոր սկիզբ է Լերոյի համար: Թե որքա՞ ն հաջողված՝ կտեսնենք:
Նարեկ Գրիգորյան