Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում կորոնավիրուսի թեստերից մեկը դրական է եղել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Նա նշել է, որ երեկ՝ հուլիսի 7-ին, մարզիչներն ու մարզիկները՝ 30 հոգի, թեստ են հանձնել, որպեսզի բացառեն վարակվածների մասնակցությունը մեկնարկող երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին, նաև ավելացրել է, որ տվյալ մարզիկը 2-րդ անգամ է թեստավորվելու, և եթե պարզվի, որ ամեն ինչ նորմալ է, նա կարող է միանալ թիմին:
«Երեկ թեստ արեցինք, որպեսզի վարակված մարդ չլինի, քանի որ 14 օր պետք է միասին ապրենք, փակ հավաք է լինելու, կողքից մարդ չի լինելու, համոզված լինենք, որ վարակակիր չունենք թիմում եւ 14-օրյա հավաքն անցկացնենք երկար՝ 4 ամիս ընդմիջումից հետո: 1 հոգի դրական էր ցույց տվել, նրան ասել ենք, որ 2-րդ անգամ հանձնի, տեսնենք՝ ինչ է, որովհետեւ լինում է, չէ՞, որ սխալ է լինում: Եթե նորմալ ցույց կտա, կմիանա այդ մարզիկը, եթե նորից դրական ցույց տա, բնականաբար, չի կարող մարզվել»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ այդ ըմբիշն առողջության հետ կապված գանգատներ չի ունեցել:
Հիշեցնենք՝ ազատ ոճայինների հավաքը մեկնարկելու է այսօր Ծաղկաձորում: