Վերջերս ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի դեպքը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում:
Ռասիզմի դեմ պայքարը մարդկության էվոլուցիայի անքակտելի բաղադրիչներից մեկն է: Այդուհանդերձ, ինչպես և ցանկացած չարիք, այս մեկն էլ ունի իր գաղտնախորշերը:
Ռասիզմը կյանք խլելուց զատ, կարող է փրկել այն. այն էլ ինչպես, այն էլ ում կյանքը…
Նա ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկներից մեկն էր: Սկզբում, նրա անունը մարդկանց մոտ խինդ և ծիծաղ էր առաջացնում, սակայն 1994 թվականի հունիսի 12-ի իրադարձությունները փոխեցին ամերիկյան հրաշքի այս պատմության ընթացքը:

Օրենտալ Ջեյմս Սիմփսոնը ամերիկյան ֆուտբոլի աստղերից էր: Այս մարզաձևը մեզ մոտ այդքան էլ տարածված և սիրված չէ, բայց Միացյալ Նահանգներում իրավիճակը լիովին այլ է: Ամերիկյան ֆուտբոլի գլխավոր հանդիպումները դիտում են միլիոնավոր մարդիկ, իսկ այդ մարզաձևով զբաղվողները համարվում են տղամարդկային առնականության և խիզախության իրական օրինակներ:
Այսօրվա մեր հերոսն էլ դասվում էր այդ շարքին: Նա NFL- ի պատմության մեջ առաջինն էր, ով մեկ մրցաշրջանի ընթացքում 2000 յարդ էր վազել գնդակով ՝ հաղթական միավորներ բերելով իր թիմին: 1985-ին Սիփսոնը ընդգրկվեց ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահում:
Հաջողված ֆուտբոլային կարիերային հաջորդեց դերասանականը: Միգուցե, դիտե՞լ եք «Մերկ ատրճանակ» ֆիլմը, որտեղ Ջեյը նկարահանվել էր հայտնի կատակերգակ Լեսլի Նիլսոնի հետ:
Կադր ՝ «Մերկ ատրճանակ» ֆիլմից
Նրա մասին խոսում էին գրեթե բոլորը: Հատկապես հպարտ էին ԱՄՆ-ի սևամորթները: Հասարակ ընտանիքում ծնված տղան հասել էր մեծ բարձրունքների՝ չնայած այն հանգամանքին, որ նրա մաշկի գույնն այնքան էլ «մոդայիկ» չէր այն տարիներին:
Ինչևէ. չմոռանանք, որ հասարակական կանոններն ու բարքերը շատ կարևոր են և ազդում են մեր կյանքի ու ճակատագրի վրա, բայց վերջիվերջո ՝ մենք ենք կերտում և ոչնչացնում մեր երազանքները:
Ինչու՞ նա դիմեց այդ քայլին. Ի՞նչ էր մտածում այդ վայրկյանին.. Ի՞նչ էր մտածում դրանից հետո և վերջապես ի՞նչ է մտածում հիմա…
Երբ բոլոր փաստերը քո դեմ են, երբ բոլորը գիտեն, որ դու ես սպանել կնոջդ և նրա սիրեկանին, ի՞նչպես ես կարողանում հերքել և լռեցնել խղճիդ ձայնը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տանջում էին դատախազ Մայքլ Սմիթին, բայց ՝ ոչ Ջեյ Սիմփսոնին:
Ջեյ և Նիկոլ Սիմփսոններ
Այդ օրը Սիմփսոնը պետք է նկարահանվեր ՝ «Սամբա, Ռումբա ու մի քիչ էլ Բումբա» կատակերգական ֆիլմում:
Ճակատագրի քմահաճույքով, գլխավոր ռեժիսորն իրեն վատ էր զգացել և հետաձգել էր նկարահանումները: Դա շատ լավ հնարավորություն էր տուն գնալու և ծանր աշխատանքային օրերը մի փոքր մեղմելու համար:
Սիմփսոնն իր մեքենան կայանում է ավտոտնակում, բարևում է դրսում կանգնած հարևանին և բացում շքեղ առանձնատան դուռը:
Դրանից 2 ժամ անց CNBC հեռուստաալիքը հայտնեց. «Ամերիկյան ֆուտբոլի և կինոյի աստղ Ջեյ Սիմփսոնի նախկին կինն ու սիրեկանը սպանված են նրա առանձնատանը»:
Նիկոլ-Բրաուն Սիմփսոնը իր սիրեկանի ՝ Ռոն Գոլդմանի հետ
Այս լուրը ցնցեց ամբողջ երկիրը ՝ տնային տնտեսուհիներից մինչև հոլիվուդյան բոհեմ: Ոստիկանությունն արդեն մի քանի ժամ գտնվում էր դեպքի վայրում, բայց ոչ մի տեղեկություն չէր հաղորդում:
Տեսախցիկների առջև միշտ ժպտացող, միմյանց այնքան սիրող այս զույգի պատմությունը դառնալու էր ԱՄՆ-ի արդարադատական համակարգի ամենաբարդ գործերից մեկը:
Նրանք ամուսնալուծվել էին, քանի որ անդադար վեճերն ու խնդիրներն արդեն հոգնեցրել էին զույգին: Թվում էր, թե նրանց ճանապարհները բաժանվել են և նախկին ամուսինները կարող են նոր կյանք սկսել:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր արյունոտ մի ձեռնոց, որը ոստիկանության պնդմամբ պատկանում էր մարդասպանին:
Սիմփսոնի մեքենայի մեջ հայտնաբերվել էր արյունոտ ձեռնոցի մյուս զույգը:
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ դրանց վրա առկա արյունը պատկանում է Սիմփսոնի կնոջն ու նրա սիրեկանին:

Նիկոլ-Բրաուն Սիմփսոնը և Ռոն Գոլդմանն իրենց մահկանացուն կնքել էին դանակահարման հետևանքով:
Ոստիկանների գլխավոր կասկածյալը ՝ Սիմփսոնն էր: Դեռ մինչև ամուսնալուծությունը նա իմացել էր իր կնոջ դավաճանության մասին: Խաբված ամուսինը կարող էր վրեժ լուծել այս երկուսից: Գլխավոր հետաքննիչը զանգահարեց նախկին ֆուտբոլիստին, բայց լսափողը այդպես էլ չվերցրին:
Ժամեր անց, CNBC-ն ընդհատեց Բասկետբոլի ազգայի լիգայի հանդիպման ցուցադրությունը և հայտարարեց արտակարգ թողարկման մասին:
«Այժմ դուք դիտում եք կադրեր ոստիկանական ուղղաթիռից: Իրավապահները հետապնդում են հայտնի դերասան և մարզիկ Ջեյ Սիմփսոնին, ով գողացված մեքենայով փորձում է դիմել փախուստի»:
Հետաքրքիր բան է կյանքը. ընդամենը մեկ օր առաջ քեզ հետապնդում էին գլխակորույս երկրպագուները, իսկ հիմա ՝ կշռադատված ոստիկանները:
Սիմփսոնն ատրճանակը պահել էր դեմքին և խոստանում էր ինքնասպանություն գործել, եթե ոստիկանները մոտենան իրեն: Այդուհանդերձ, երկու ժամ անց նա հանձնվեց և ձերբակալվեց շերիֆ Ջոնսոնի կողմից:
Սկսվեց դատական պրոցեսը.
Սիմփսոնը վարձել էր լավագույն փաստաբաններին: Պաշտպանական կողմի գլխավոր հաղթաթուղթը նրա մաշկի գույնն էր: Սևամորթների և սպիտակամորթների հակադրությունն ԱՄՆ-ում միշտ էլ զգայուն թեմա է եղել:
Այս դեպքից ամիսներ առաջ, սպիտակամորթ ոստիկանները դաժանաբար ծեծել և սպանել էիր մի քանի սևամորթ երիտասարդների, և դա մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության մեջ:
Սիմփսոնի կինը և սիրեկանը սպիտակամորթ էին և պաշտպանական կողմը որոշեց օգտվել այդ հանգամանքից:

Նրանք հայտարարում էին, որ ոստիկանները վրեժ են լուծում նրանից և փորձում են փաստերը խեղաթյուրելով բանտ նստեցնել հայտնի դերասանին: Նրան ձերբակալած ոստիկաններից մեկը հայտնի էր իր ռասիստական հայտարարություններով:
Բացի այդ, չէր հայտնաբերվել այն դանակը, որով սպանել էին սիրեկաններին: Սպանության ոչ մի ականատես չկար:
Ավելին, արյունոտ ձեռնոցները բավական փոքր էին:
Դատական նիստի ընթացքում նա հագավ դրանք ՝ ցույց տալով ձեռնոցների փոքրությունը:

Սիմփսոնի պաշտպանները պնդում էին, որ սպանությունը կատարել են քրեական տարրերը, գողերը կամ էլ հոգեկան շեղում ունեցող մարդիկ:
Մեղադրող կողմը հիմքը դրել էր փաստերի և տրամաբանության վրա:
«Այս մարդը սպանել է նրանց, քանի որ խանդը կուրացրել էր նրա հոգին: Նա կորցրեց կնոջը և որոշեց, որ Նիկոլը չպետք է ուրիշինը լինի:
Նա տարիներ շարունակ ծեծում էր կնոջը: Հանցագործության վայրում մենք հայտնաբերել ենք Ջեյի արյան հետքերը: Նրա տանը մենք գտանք Սիմփսոնի գուլպաները, որոնց վրա կար Նիկոլի արյունը: Պարոն Ջեյը, չունի ալիբի. Էլ ի՞նչ եք ուզում»,- հայտարարեց մեղադրող քննիչը:
Դատական պրոցեսը տևեց 9 ամիս. եկել էր որոշման ժամանակը:

«Առկա ապացույցները բավարար չեն Սիմփսոնին մեղադրելու համար»:
Ահա այսքան կարճ և հստակ: Այն տարիների ԴՆԹ-թեստերը հիմնավոր ապացույց չէին համարվում, եթե այդպես չլիներ…
Ինչևէ, Ջեյ Սիմփսոնը արդարացվեց և դուրս եկավ դատական նիստերի դահլիճից: Երկրի սևամորթ բնակչությունը ցնծության մեջ էր: Նրանք տոնում էին այս հաղթանակը, ինչպես Ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի հաղթանակը:
Սպանության գործն այդպես էլ մնաց չբացահայտված:
Սիմփսոնը շարունակեց ապրել շքեղ կյանքով և շուտով սնանկացավ: Տարիներ անց, նա տպագրեց «Եթե ես անեի դա. մարդասպանի խոստովանություն» գիրքը, որտեղ հիպոթետիկ կերպով ներկայացնում էր իր կնոջ և նրա սիրեկանի սպանությունը:
Շատերն այդ գրքի տպագրումն ընդունեցին որպես ինքնախոստովանություն:

2007-ին Սիմփսոնը մտավ սպորտային թանգարան և փորձեց գողանալ ժամանակին նվաճած իր գավաթներն ու մեդալները, որի համար դատապարտվեց 33 տարվա ազատազրկման: 9 տարի անց նա համաներվեց և այժմ ապրում է ծերունու սովորական կյանքով:
Սպորտի և Հոլիվուդի նրա ընկերները լքեցին նրան: Ջեյ Սիմփսոնը մնաց մենակ իր կատարած ոճրի հետ:
Ռասիզմի կամ հակառասիզմի վրա հիմնված պաշտպանական գիծը տվեց իր արդյունքը, բայց արդյո՞ք այն պատմեց իրականությունը: Չմոռանանք, որ յուրաքանչյուր մեդալ բաղկացած է երկու կողմից:
Եվ այսպես. ո՞վ է Ջեյ Սիմփսոնը, ո՞վ է իրական Ջեյ Սիմփսոնը:
Նարեկ Գրիգորյան